Նոր աշխարհակարգի մոդելը Հայաստանում. Պեկինի առաջարկն ու հայտը


Նոր աշխարհակարգի մոդելը Հայաստանում. Պեկինի առաջարկն ու հայտը

  • 07-08-2020 10:13:59   | Հայաստան  |  Վերլուծություն

Չինաստանի արտգործնախարար Վան Ին Սինհուա գործակալությանը տված հարցազրույցում քննադատել է ԱՄՆ կառավարությանը, Չինաստանի հետ առճակատման գնալու եւ հարաբերությունը սրելու համար: Նա հայտարարել է, թե Չինաստանը չի ցանկանում դառնալ նոր ԱՄՆ, չեն պարտադրում իրենց գաղափարներն այլ երկրների եւ չեն միջամտում այլ երկրների ներքին գործերին: Միաժամանակ Վան Ինն արել է խիստ հետաքրքիր մի հայտարարություն՝ «այսօրվա Չինաստանը նախկին Խոհրդային Միությունը չէ»:
 
Չինաստանի ու ԱՄՆ հարաբերությունը ընթանում է լարվածության աճի վեկտորով, այդպիսով ձեւավորվում է նոր աշխարհակարգի որոշակի երկբեւեռ կոնստրուկցիա: Մեծ հաշվով, այդպիսի կոնստրուկցիայի ձեւավորումն այլ ճանապարհով հնարավոր էլ չէ, քանի որ մյուս ուժային կենտրոններն ու միջազգային խաղացողները հազիվ թե սիրահոժար զիջեն ԱՄՆ ու Չինաստան բեւեռներին:
 
Ըստ այդմ, երկբեւեռ կարգն աշխարհում ձեւավորվում է հարաճուն հակասության եւ հարաբերության սրման տրամաբանությամբ, ինչը դրա ներքո որոշակի միջավայրային փաստերի առաջ է կանգնեցնում միջազգային քաղաքականության այլ առաջատար ուժերի, եւ իհարկե համաշխարհային կյանքի մյուս մասնակիցներին:
 
Ահա այդ իմաստով, Չինաստանի արտգործնախարարի՝ ԱՄՆ հասցեին քննադատության տողատակում նշմարվում է այդուհանդերձ երկրորդ բեւեռի առաջարկը: Դրանով է հատկանշական հիշեցումը, որ Չինաստանը նախկին ԽՍՀՄ չէ, այլ կերպ ասած Պեկինն իր համաշխարհային դերում չի առաջնորդվելու այն մեթոդներով, ինչով առաջնորդվում էր իր «ազդեցության» կամ պատասխանատվության գոտում ԽՍՀՄ-ը: Ըստ ամենայնի, Չինաստանի արտգործնախարարն ակնարկում է, որ ԱՄՆ հետ պատրաստվում են մրցակցել ոչ թե մահակի, այլ տնտեսական գրավչության կանոններով, տնտեսական առաջարկների եւ մրցակցության տրամաբանությամբ:
 
Դա իհարկե կարող է թվալ նոր աշխարհակարգի համար գրեթե «իդեալական» տրամաբանություն եւ փիլիսոփայություն՝ սառը պատերազմի փոխարեն տնտեսական թեժ մրցակցություն գրավիչ լինելու համար: Իհարկե բարդ է պատկերացնել, թե հնարավոր է այդպիսի իդեալական դասավորություն, սակայն սառը պատերազմի աշխարհակարգի փորձը թերեւս բերում է այն մտայնության, որ պայքարը պետք է կենտրոնանա ոչ թե մարտագլխիկների, այլ տնտեսական գրավչության շուրջ: Չինաստանը չի «հավակնում» կրկնել ԽՍՀՄ-ի ճանապարհն ու ճակատագիրը:
 
Մյուս կողմից, ոչ բոլոր կենտրոններն են, որ կարող են արագորեն համակերպվել այդօրինակ երկբեւեռության հեռանկարին: Առավել եւս, որ ամերիկա-չինական կոնֆլիկտով ձեւավորվող աշխարհակարգը դեռ պետք է անցնի ռեգիոն առ ռեգիոն բյուրեղացման: Այդ շարքում է լինելու Կովկասը, որն իրենց կենսական շահերի գոտի են դիտարկում Ռուսաստանն ու Թուրքիան: Չինաստանն այստեղ ակնհայտորեն պատրաստվում է մեծ խաղի, ընդ որում «հենակետ» ընտրելով Հայաստանը, որտեղ Պեկինը կառուցում է նոր՝ եվրասիական տարածությունում մեծությամբ երկրորդ դեսպանատունը:
 
Ի դեպ, այդ իմաստով Երեւանում ձեւավորվում է յուրօրինակ աշխարհակարգային փոքր մոդել՝ Իսակովի պողոտայում, միմյանցից կարճ հեռավորության վրա կանգնող ԱՄՆ եւ Չինաստանի՝ չափերով մեծ դեսպանատների առկայությամբ: Դա իհարկե կատակ, սակայն պատկերն այդուհանդերձ խորհրդանշական է, այն իմաստով, որ Հայաստանը առանցքային եվ անփոխարինելի դեր ունի աշխարհքաղաքական կարեւոր ռեգիոններից մեկում հետաքրքրությունների ու շահերի համադրման տեսանկյունից:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play