Այսօր՝ ավելի քան 25-ամյա զինվորական ծառայությունից հետո, թողնում եմ պաշտոնս. Սենոր Հասրաթյան


Այսօր՝ ավելի քան 25-ամյա զինվորական ծառայությունից հետո, թողնում եմ պաշտոնս. Սենոր Հասրաթյան

  • 07-08-2020 10:17:38   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

Արցախի զինված ուժերի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում կատարել է հետևյալ գրառումը.
 
« Այսօր՝ օգոստոսի 7-ին, , ավելի քան 25-ամյա  զինվորական ծառայությունից հետո՝ իմ զեկուցագրի համաձայն, թողնում եմ Արցախի զինված ուժերի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնը և զորացրվում ՊԲ շարքերից:  
 Թողնում եմ հպարտությամբ, քանի որ ծառայել եմ մի բանակում, որն իր ստեղծման և կայացման ճանապարհն անցել է մարտական ակտիվ գործողություններում տարած փառավոր հաղթանակներին զուգահեռ և այսօր էլ շարունակում է պատվով կատարել Հայրենիքի պաշտպանության սուրբ առաքելությունը:       
                                                      
 Հակված եմ կարծելու, որ այն ամենը, ինչ կյանքի է կոչվել իմ պաշտոնավարման ժամանակահատվածում և ռազմատեղեկատվական ոլորտում զբաղված տասնյակ ծառայակիցներիս ազնիվ ու բոլորանվեր աշխատանքի արդյունքում, իր համեստ նպաստն ունի մեր երկրի պաշտպանական համակարգի լիարժեք կենսագործունեության ապահովման գործում: Միաժամանակ իմ շնորհակալությունն ու երախտագիտությունն եմ հայտնում բոլոր նրանց, ում հետ այս տարիների ընթացքում պատիվ եմ ունեցել հարաբերվել մեր մասնագիտական ճակատում:
 
 Առանձնահատուկ ուզում եմ շեշտել և մեծարանքի խոսքեր հասցեագրել Արցախի զինված ուժերի  ղեկավարությունը ստանձնած բոլոր հրամանատարներին, մարտական փայլուն ճանապարհ անցած` գործող և պաշտոնաթող գեներալներին, քանզի նրանցից յուրաքանչյուրին ճանաչել ու հարգել եմ որպես ուրույն բնավորությամբ, մոտեցումներով և թողած մնայուն ժառանգությամբ ռազմական գործիչների:
  Իմ անկեղծ շնորհակալությունն եմ  հայտնում բանակի վարչությանն ու ողջ անձնակազմին՝ գիտակցված ու իմաստալից համատեղ ճանապարհ անցնելու համար և ցանկանում ամենալավն ու բարին:
 
 Համոզված եմ, որ ինչպես եղել ենք ուժեղ, կանք ուժեղ, այդպես էլ լինելու ենք ուժեղ և ՀԱՂԹՈՂ;
 Պատիվ ունեմ»:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play