Ինչ պատահեց՝ Սերժ Սարգսյանը շտապում է


Ինչ պատահեց՝ Սերժ Սարգսյանը շտապում է

  • 07-08-2020 12:29:27   | Հայաստան  |  Վերլուծություն

Սերժ Սարգսյանի գրասենյակը տարածել է տեղեկություն, որ նա տեսանյութերի ձեւաչափով պատասխանելու է հանրության հարցերին եւ դրանով է սկսելու անդրադարձն ու անկեղծ զրույցը ապրիլյան պատերազմի ու այլ հարցերի վերաբերյալ:
 
Սերժ Սարգսյանը մոտ երկու ամիս առաջ խոստացել էր արտակարգ դրության ավարտից հետո հրավիրել մամուլի մեծ ասուլիս, որտեղ իհարկե միայն ապրիլյան պատերազմի թեմայով, բայց կպատասխանի լրագրողների բոլոր հարցերին: Այժմ Սերժ Սարգսյանը հայտնում է, որ, քանի դեռ չկա այդ ասուլիսը կազմակերպելու հնարավորություն, ինքը կխոսի հեռավար ձեւաչափով, պատասխանելով հարցերին այդպես:
 
Սարգսյանի այդ որոշման առումով ուշագրավն այն է, որ կառավարությունը նախօրեին հայտարարեց, որ արտակարգ դրությունը երկարաձգում է թերեւս վերջին անգամ: Այսինքն, սեպտեմբերի կեսից Սերժ Սարգսյանը կունենար իր խոստացած մեծ ասուլիսը կազմակերպելու հնարավորություն: Ինչու՞ է այդքան համբերատար սպասած Սարգսյանը շտապում խոսել ապրիլյան քառօրյայի մասին եւ պատասխանել հանրության հարցերին: Ինչու՞ նա չի սպասում եւս մեկ ամիս: Իհարկե, երաշխավորված չէ, որ մեկ ամիս անց կառավարությունը չի կայացնի այլ որոշում, որեւէ պատճառով, բայց, այդ դեպքում արդեն Սարգսյանը կարող էր չսպասել եւ անցնել այն ձեւաչափին, որ նախաձեռնում է հիմա:
 
Դա հիմք է տալիս եզրակացնելու, որ Սերժ Սարգսյանը շտապում է խոսել ապրիլյան քառօրյայի մասին: Թե ինչ է ասելու այդ մասին Սերժ Սարգսյանը, եւ հատկապես ում, դա հնարավոր է քննարկել: Կասկածից վեր է, որ նա «հանրության հարցերին» պատասխանի ձեւաչափով իրականում անելու է խիստ թիրախավորված եւ հասցեական հայտարարություններ Հայաստանի ներքաղաքական կոնկրետ դերակատարների, գործիչների, եւ թերեւս արտաքին շրջանակների համար:
 
Այն, որ Սերժ Սարգսյանը չի համբերում, նշանակում է, որ ծավալվում են արագացող իրադարձություններ, եւ նա շտապում է հետ չմնալու, կամ դրանց թելը չկորցնելու համար: Իրադարձություններ, որոնք ծավալվում են ներքին ու արտաքին հանգամանքների եւ շահերի սերտ փոխկապակցվածությամբ: Ավելին, Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը վկայեց, որ սկսվում է նկատելիորեն բաց խաղ՝ ներսից եւ դրսից, որի մասին վկայում է նաեւ մարգարիտասիմոնյանական հիստերիան: Սերժ Սարգսյանն այդ ամենն զգացել է իր մաշկի վրա, որովհետեւ նախագահական ժամկետին Ռուսաստանի ուղղությամբ բախվում էր ուղիղ այն վերաբերմունքին, որին ներկայում բախվում է Նիկոլ Փաշինյանը: Պարզապես, Փաշինյանի պարագայում դրսեւորումներն ավելի ուժգնացած ու ագրեսիվ են, միաժամանակ նյարդային, որովհետեւ ավելի մեծ է Փաշինյանի դիմադրունակությունը՝ լեգիտիմության մեծ ռեսուրսի շնորհիվ:
 
Միեւնույն ժամանակ, չափազանց նկատելի են դառնում նաեւ այդ լեգիտիմության սյուների թիրախավորումները, ընդ որում ամենից հետաքրքիրը, թեեւ ոչ զարմանալին այն է, որ թիրախավորումները երկու պայմանական ուղղություններից են՝ «հեղափոխությունից» եւ «հակահեղափոխությունից»:
 
Խոշոր հաշվով, Հայաստանում բավական նշմարելի է տեխնոլոգիայի խաղարկումը, որով հասունացվեց ադրբեջանական ապրիլյան ագրեսիան: Սերժ Սարգսյանին դա անկասկած չափազանց ծանոթ է: Ինչ է շտապում ասել նա:
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն