Աննախադեպ ծրագիր. Պեկինի առաջարկը Հայաստանին


Աննախադեպ ծրագիր. Պեկինի առաջարկը Հայաստանին

  • 07-08-2020 18:53:00   | Հայաստան  |  Վերլուծություն

Նախօրեին Երեւանում հայտարարվեց աննախադեպ մի ծրագրի մասին՝ «Խելացի գիտական քաղաք», որը պետք է կառուցվի չինական ներդրումով: Դա լինելու է գերժամանակակից ինովացիոն քաղաք, որտեղ լինելու են նաեւ նոր մշակումներ, տեխնոլոգիական նորարարություններ: Սահմանների փակ լինելու պատճառով պայմանագիրը ստորագրվել է հեռավար կարգով, տեսակապով:  Ծրագրի կողմերն են՝ Չինաստանի տեխնոլոգիաների ակադեմիան, Չինաստանի տեխնիկական զարգացման ընկերությունը և ԱԴԿԱՌՍ Հայաստանի վերակառուցման և զարգացման գործակալությունը։
 
Ծրագիրը ենթադրում է 15-ամյա ժամկետ, իսկ քաղաքի կառուցման համար չինական կողմը պատրաստվում է ներդնել մոտ 15 միլիարդ դոլար: Դա Հայաստանի համար ներդրումային ահռելի ծավալ է եւ դրա համաչափ ու հետեւողական իրականացման պարագայում միայն այդ ծրագիրը կարող է բավարար լինել Հայաստանում տնտեսական բեկումնային զարգացում ապահովելու համար:
 
Այդ իմաստով մասնավորապես հետաքրքիր է մի տվյալ, որ բերել էր գործարար Ռուբեն Վարդանյանը: Նա հայտնել էր, որ Մըկքինզի հայտնի խորհրդատվական ընկերության փորձագետների հաշվարկով՝ Հայաստանի ՀՆԱ կրկնապատկման համար անհրաժեշտ է մոտ մեկուկես տասնամյակի ընթացքում տարեկան առնվազն 500 միլիոն դոլարի ներդրում Հայաստանի տնտեսությունում:
 
Եթե համադրենք այդ գնահատականի հետ, ստացվում է, որ միայն հայ-չինական «Խելացքի քաղաքի» ներդրումային ծրագիրն ունակ է տանել դեպի Հայաստանի ՀՆԱ կրկնապատկում:
 
Իհարկե, դա գուցե պայմանական համադրություն է, բայց տարեկան 1 միլիարդ դոլար «միջին» հաշվարկով ներդրումային ծրագիրը Հայաստանի տնտեսության համար կարող է ունենալ բեկումնային նշանակություն:
 
Ամբողջ հարցն այն է, թե արդյոք խոսքն իսկապես հաստատակամությամբ ստորագրված խոշորագույն ներդրումային ծրագրի, թե՞ այդուհանդերձ առայժմ առավելապես անտուրաժի, իսկ խորքային առումով դեռեւս «բարի հեքիաթի» մասին է: Անհրաժեշտ է արձանագրել, որ շատ բան կախված է լինելու համաշխարհային տնտեսա-քաղաքական կոնյուկտուրայից եւ իհարկե Հայաստանից, թե որքան արդյունավետ կլինի աշխատանքը ներդրողների հետ:
 
Միեւնույն ժամանակ, Հայաստանի հետ այդօրինակ համաձայնագրի ստորագրման մասին տեղեկությունը փաստացի զուգորդվեց Չինաստանի արտաքին գործերի նախարարի Սինհուա գործակալությանը տված հարցազրույցի հետ, որտեղ նա խոսել էր Չինաստանի համաշխարհային դերի ու հավակնության մասին, նշելով, թե ամենեւին Խորհրդային Միություն չեն եւ չեն ցանկանում այլ երկրների պարտադրել գաղափարներ եւ միջամտել ներքին գործերին: Այսինքն, Չինաստանը խոսում է այն մասին, որ համաշխարհային բեւեռի հավակնությունը կփորձի իրացնել շահեկան ծրագրեր առաջարկելով:
 
Գործնականում, Պեկինը Երեւանին առաջարկում է աննախադեպ ծավալի հեռանկար: Մի կողմից անշուշտ պարզ է, որ խոսքը «բարեգործության» մասին չէ, մյուս կողմից հազիվ թե ռազմավարական շարժառիթը միայն բիզնես շահն է: Անշուշտ, խոշորագույն ներդրումային ծրագիրը ենթադրում է խոշոր քաղաքականություն, հետեւաբար հարց՝ ինչ պայմաններով:
 
Մյուս կողմից, սակայն, տվյալ պարագայում Չինաստանի համաշխարհային դերի հարցը Պեկինի համար բնականաբար անխուսափելի է դարձնում առանցքային ռեգիոնալ հանգույցների հասանելիության խնդիրը, ինչպիսին է Կովկասը: Իսկ այդտեղ ուժեղ գործընկեր լինելու պատրաստ պետություններն էլ ունեն Հայաստանի կարիքը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն