Հանգստյան ուղեգրեր համավարակի դեմ պայքարող բուժաշխատողներին. Մանե Թանդիլյանը դիմել է ՀՀ վարչապետին
11-08-2020 12:13:56 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն առաջարկությամբ դիմել է ՀՀ վարչապետին՝ հանգստյան ուղեգրեր տրամադրել բոլոր այն բուժաշխատողներին ովքեր այս ժամանակահատվածում ներգրավված են եղել համավարակի դեմ պայքարում և, հավատարիմ մնալով Հիպոկրատի երդմանը, շարունակում են անձնվեր կատարել իրենց աշխատանքը։
«Առաջարկի հիմնավորումն այն է, որ այս ժամանակահատվածում բուժաշխատողները աշխատել են գերծանրաբեռնված և անկանոն գրաֆիկով, իսկ առաջարկի նպատակն իրենից ներկայացնում է սոցիալ-հոգեբանական մոտեցում՝ կարևորելով բուժաշխատողների առողջ կյանքը, որը հնարավորություն կտա նրանց վերականգնել իրենց առողջությունը և խթան կլինի՝ շարունակելու իրենց գործունեությունը։ Այս առաջարկը կյանքի կոչելով՝ ոչ միայն կարևորվում է բուժաշխատողների կյանքն ու առողջությունը, այլև, խթանում է Հայաստանի Հանրապետությունում գործող հյուրանոցային բիզնեսի գործունեությանը, որոնք կորոնավիրուսի տարածման հետևանքով զբոսաշրջության կտրուկ անկման պատճառով լուրջ խնդրի առաջ են կանգնել և գտնվում են կաթվածահար վիճակում»: