ԱՄԷ միակ երկիրն է, որը քննադատել է Այա Սոֆիան» մզկիթի վերածելու վերաբերյալ Թուրքիայի որոշումը. Ահլամ ալ Սալամի

11-08-2020 14:10:06   | ԱՄԷ  |  Մամլո հաղորդագրություն
 


ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ահլամ ալ Սալամիի հարցազրույցը Ստամբուլի Այա Սոֆիան մզկիթի վերածելու՝ Թուրքիայի որոշման շուրջ
 
Հարց․- Հուլիս ամսին Թուրքիան հայտարարություն տարածեց, որ որոշում է կայացվել Ստամբուլում գտնվող հանրահայտ «Այա Սոֆիան» վերածել մզկիթի, և ինչպես Բարձրագույն իշխանությունն է նշում՝ Այա Սոֆիան 86 տարի առաջ անօրինական կերպով էր վերափոխվել թանգարանի։ Ի՞նչ կարծիք ունեք այս իրադարձության վերաբերյալ, տիկին ալ Սալամի։
Պատասխան․- Նախ և առաջ կցանկանայի նշել, որ ԱՄԷ-ն դարձել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ դեռևս 1971թ․ Էմիրությունների միավորումից 4 ամիս անց և  այսօր էլ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդի
անդամ է։ Էմիրություններն իր հավատարմությունն է վերահաստատում այդ կառույցին նաև այս հարցում։ Ինչպես նշել է ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր տարածած հայտարարության մեջ․ «Այա Սոֆիան համարվում է պատմական Ստամբուլի մի մասը, և այն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհայի ժառանգության ցանկում՝ որպես թանգարան։ Այն ճարտարապետական գլուխգործոց է և դարերի ընթացքում Եվրոպայի և Ասիայի փոխազդեցության եզակի վկայություն»։ 
Հարց․ - Իսկ ինչպիսին է ԱՄԷ-ի պաշտոնական դիրքորոշումը Թուրքիայի՝  Այա Սոֆիան մզկիթի վերածելու որոշման վերաբերյալ։
ԱՄԷ մշակույթի և երիտասարդության նախարար Նուրա ալ Քաաբին անդրադարձել է  Թուրքիայի այս  որոշմանը՝ նշելով, որ Ստամբուլում «Այա Սոֆիայի» կարգավիճակի փոփոխությունը կատարելիս հաշվի չի առնվել պատմական  վայրի համամարդկային արժեքը, որը միշտ ձևավորել է համաշխարհային ժառանգություն, մշակութային և ժառանգական արժեք, այն եղել է կամուրջ՝ ժողովուրդներին մերձեցնելու և նրանց միջև ընդհանուր կապերը ամրապնդելու համար։ 
Կարծում եմ, որ այս վայրը մեծ  պատմամշակութային արժեք ունի, այդ իսկ պատճառով  վերջին շրջանում ականատես եղանք միջազգային հանրության քննադատություններին և դատապարտմանը, քանի որ այս թանգարանը տարբեր
կրոնների հարուստ պատմությունն էր, քրիստոնեության և իսլամի երկխոսության խորհրդանիշն էր։
Ինչպես նաև,  պետք է նշեմ, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրակարգը համահունչ է ԱՄԷ-ի`հանդուրժողականության, կրթության, խաղաղության, զարգացման և ժառանգության պահպանման հանձնառությանը։ Տարիներ շարունակ ԱՄԷ-ն հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազդեցիկ  ֆինանսավորողներից մեկը, մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բազմաթիվ ծրագրերին, ինչպես նաև մշակել է նախաձեռնություններ՝ ի շահ համայն աշխարհի մարդկության։
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 413 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար