«Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենին մեղադրանք է առաջադրվել


«Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենին մեղադրանք է առաջադրվել

  • 14-08-2020 11:50:24   | Վայոց ձորի մարզ  |  Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու մի շարք հանգամանքներ:
 
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենը, օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական գործառույթներով, իրականացնելով մասնաճյուղի ընթացիկ գործունեության կազմակերպում և ղեկավարում, իրեն վստահված մասնաճյուղի միջոցներից հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ 2016թ. հունվարի 1-ից մինչև 2020թ. հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում, շարունակաբար վատնելու եղանակով հափշտակել է «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը պատկանող, առանձնապես խոշոր չափերով՝ 11.476.359 ՀՀ դրամը:
 
Մասնավորապես պարզվել է, որ հանդիսանալով վերոնշյալ մասնաճյուղի տնօրեն, անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ «Հայանտառ» ՊՈԱ կազմակերպության տնօրինությանն միջնորդել է իր կնոջը, ընկերոջ որդուն, հարազատ եղբորը, վերջինիս փեսային ընդունել աշխատանքի «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղում և փաստացի աշխատանքի չներկայանալու և պայմանագրով նախատեսված աշխատանքային պարտականությունները չկատարելու պայմաններում նրանց տվյալները ներառվել են կազմակերպության աշխատավարձերի ցուցակներում ու յուրաքանչյուր ամիս, շարունակաբար կազմակերպության միջոցներից վերջիններիս վճարվել են գումարներ:
 
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝  ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով:
 
Նախաքննությունը շարունակվում է: 
 
ՀՀ քննչական կոմիտե
Նոյյան տապան  -   Իրավունք