Տեղի է ունեցել մասնագիտացված հակակոռուպցիոն դատական համակարգի ստեղծմանը նվիրված հանրային քննարկում


Տեղի է ունեցել մասնագիտացված հակակոռուպցիոն դատական համակարգի ստեղծմանը նվիրված հանրային քննարկում

  • 14-08-2020 16:49:26   | Հայաստան  |  Իրավունք

 
 
Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել մասնագիտացված հակակոռուպցիոն դատական համակարգի ստեղծմանը նվիրված հանրային քննարկում, որին մասնակցում էին նաև Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը, այլք։
 
Փոխնախարար Գալյանը ողջույնի խոսքում, կարևորելով նման հանրային քննարկումների կազմակերպումը, անդրադարձել է հակակոռուպցիան դատարանի ձևավորման օրենսդրական նախագծերի փաթեթով նախատեսված իրավակարգավորումներին: Մասնավորապես՝ ներկայացրել է հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների առաջադրման և ընտրության բաց մրցութային ընթացակարգը, ինչպես նաև թեկնածուների առաջադրման համար նախատեսված սահմանափակումները, դատավորների թվաքանակները՝ առաջին, վերաքննիչ և վճռաբեկ ատյաններում: Անդրադարձ է եղել նաև թեկնածուների ընտրությունից հետո նախատեսվող դասընթացներին և վերապատրաստման ծրագրերին: 
 
Այնուհետև, փոխնախարարը պատասխանել է մյուս բանախոսների՝ օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացրած դիտարկումներին և հանրային քննարկմանը հեռավար կարգով մասնակցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին հարցերին:
Ամփոփելով խոսքը՝ Սրբուհի Գալյանը նշել է, որ Արդարադատության նախարարությունը բաց և պատրաստակամ է քննարկելու Նախագծի վերաբերյալ այլընտրանքային լուծումներ պարունակող բոլոր դիտարկումները:  
 
 
   ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության
 հետ կապերի վարչություն
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք