Կայացել է մասնագիտացված հակակոռուպցիոն դատական համակարգի ստեղծմանը նվիրված հանրային քննարկումը

14-08-2020 18:10:53   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
Նախատեսվում է Հայաստանում ստեղծել մասնագիտացված հակակոռուպցիոն դատական համակարգ, որի իրականացմանն ուղղված էլ արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենքների նախագծերի փաթեթը։
 
Օգոստոսի 14-ին կայացավ մասնագիտացված հակակոռուպցիոն դատական համակարգի ստեղծմանը նվիրված հանրային քննարկումը, որը կազմակերպել էր Իրավաբանների հայկական ասոցիացիան՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի, ԱԼԳ  քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի և «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի հետ, համագործակցությամբ՝ ՀՀ արդարադատության նախարարության և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի։
 
Քննարկմանը բացման խոսքով հանդես եկավ և մասնագիտացված հակակոռուպցիոն դատական համակարգի ստեղծման նպատակի, մարտահրավերների մասին խոսեց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը։
 
«Հակակոռուպցիոն դատական համակարգի ստեղծումը հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի վերջին շղթան է։ Բայց մի կարևոր խնդիր դեռևս բաց է մնում․ հակակոռուպցիոն մարմնի/ների՝ կանխարգելում, կրթություն, նախնական քննություն իրականացնող մարմինների սահմանադրական կարգավիճակի հարցն է, որը ներկայումս քննարկվում է նաև Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում։ Կարծում եմ, դրանք սահմանադրական մարմինների շարքում նախատեսելով և անկախության համապատասխան երաշխիքներ տալով, հայկական հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգը վերջնականապես կկառուցվի»,-ասաց նա։
 
Նախատեսվում է մասնագիտացված հակակոռուպցիոն դատարանը ստեղծել առնվազն 25 դատավորի թվակազմով, որոնցից
20-ը կքննեն կոռուպցիոն հանցագործությունների, իսկ 5-ը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ գործերը, և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան՝  առնվազն 10 դատավորի թվակազմով։ Վճռաբեկ դատարանում քրեական պալատը կգործի 8, իսկ քաղաքացիական և վարչական պալատը՝ 13 դատավորի թվակազմով։
 
Այս մասին ասաց Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը՝ ներկայացնելով մասնագիտացված հակակոռուպցիոն դատական համակարգի ստեղծումը կարգավորող օրենսդրական նախագծերի փաթեթը։
 
«Բոլոր դատավորները պետք է ընտրվեն բաց մրցույթի արդյունքում, այսինքն մենք կազմակերպելու ենք մրցույթ, որի արդյունքում դատավորի թեկնածուի բոլոր հավակնորդները կանցնեն այդ ֆիլտրի միջով․ պետք է անցնեն բարեվարքության ստուգում՝ նախապես իրենց կողմից ներկայացված բարեվարքության հարցաթերթիկի հիման վրա, ինչն էլ իրականացվելու է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից»,-ասաց փոխնախարարը։
 
«Բարեվարքության ստուգումը սահմանվել է որպես մի գործընթաց, որի միջոցով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետական պաշտոնների նշանակման ենթակա թեկնածուների առնչությամբ իրականացնում է ուսումնասիրություն հետևյալ հիմնական ոլորտներով՝ թեկնածուների և նրանց ընտանիքի անդամների գույքի, եկամուտների վերաբերյալ տեղեկությունների հավաքագրման, թեկնածուի՝ նախկինում կարգապահական, վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկված լինելու, ինչպես նաև անօրինական գործողությունների, այդ թվում՝ կոռուպցիոն գործարքների մեջ ներգրավվածության մասով, թեկնածուի նախկինում աշխատանքի և մասնագիտական գործունեության ուսումնասիրություն, ինչպես նաև քրեական ենթամշակույթին հարելու հնարավորության ուսումնասիրություն»,-իր խոսքում նշեց ԿԿՀ նախագահ Հայկուհի Հարությունյանը։
 
Հանրային վստահությանն ու սպասումներին անդրադարձավ ԱԼԳ  քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանը։ 
 
«Համակարգն իրոք շատ կարևոր է կոռուպցիայի դեմ պայքարի տեսակետից, բայց եթե մենք նոր լողավազան ենք կառուցելու, բայց հին լողավազանի կամ ջրհորի ջուրը բերելու և լցնելու դրա մեջ, ապա այն չի աշխատելու։ Այս նկատառումից ելնելով՝ առնվազն անցումային փուլում, կարծում եմ, որ պետք է սահմանվի որոշակի մասնագիտական պատրաստավածություն, որոշակի փորձառություն, բայց կարգապահական պատասխանատվությունները և այլն՝ չպետք է սահմանվեն»,-ասաց Հակոբյանը։ 
 
ՀՀ վճռաբեկ դատարանի փորձագետ Առնոլդ Վարդանյանը խոսեց հակակոռուպցիոն դատական համակարգի խնդրահարույց այն հարցերին, որոնք միջազգային փորձի տեսանկյունից կարևոր են։
Նա ընդգծեց դատավորների սոցիալական երաշխիքները․ «Միջազգային փորձը ցույց է տալիս, որ հակակոռուպցիոն առանձին դատական համակարգի ինտիտուցիոնալ մարմինների համար նախատեսվում են լրացուցիչ երաշխիքներ։ Ներկայացված նախագծով աշխատավարձի գործակիցները համամասնությամբ բաշխված չեն հակակոռուպցիոն կոմիտեի և հակակոռուպցիոն դատարանի աշխատակիցների
միջև։ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի և քննիչի աշխատավարձերի գործակիցները համապատասխանաբար գերազանցում են հակակոռուպցիոն դատարանի նախագահի և հակակոռուպցիոն դատարանի դատավորի աշխատավարձերի գործակիցներին, որն իմ կարծիքով ճիշտ չէ, պետք է պահպանել համամասնությունը»։
 
Քննարկման մասնակիցները նշեցին, որ առաջարկություններ կներկայացնեն նախարարությանը։ Փոխնախարար Սրբուհի Գալյանն իր հերթին կարևորեց միջոցառման կազմակերպումն ու քաղհասարակության հետ համագործակցությունը՝ նշելով, որ Արդարադատության նախարարությունը բաց և պատրաստակամ է քննարկելու նախագծի վերաբերյալ այլընտրանքային լուծումներ պարունակող բոլոր դիտարկումները: 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 415 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար