Ազգերի համագործակցության գլխավոր քարտուղարը հրավիրվել է «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին
14-08-2020 18:38:41 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը նամակ է հղել Ազգերի համագործակցության գլխավոր քարտուղար, բարոնուհի Պատրիսիա Սքոթլանդին։ ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ նախագահ Սարգսյանն անդրադարձել է «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին և ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնությանը՝ նշելով, որ դրանք նպատակ ունեն միջազգային մակարդակով խթանել տեխնոլոգիական և հումանիտար զարգացումը և կարող են որպես ներկայացուցչական հարթակ ծառայել նոր ու ոչ սովորական գաղափարների ու հայեցակարգերի համար:
Հանրապետության նախագահը Պատրիսիա Սքոթլանդին հրավիրել է մասնակցելու «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին, որը նախատեսվում է անցկացնել այս տարվա հոկտեմբերի 10-11-ը և նվիրված է լինելու աշխարհաքաղաքականությանն ու արհեստական բանականությանը: Ընդգծելով անցած տարի անցկացված գագաթնաժողովի մեծ արձագանքները՝ նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ այն այս տարի ևս մեծ հաջողություն կունենա:
Նախագահական այլ նախաձեռնությունների համատեքստում, որոնք միտված են Հայաստանում գիտության, տեխնոլոգիաների և արհեստական բանականության զարգացմանը, նախագահ Արմեն Սարգսյանն անդրադարձել է ATOM ծրագրին՝ նշելով, որ արդեն իսկ դրա նկատմամբ հետաքրքրություն կա աշխարհի տեխնոլոգիական հսկա ընկերությունների կողմից, որոնցից մի մասի հետ առաջիկայում կստորագրվեն նախնական համագործակցության համաձայնագրեր:
Նամակի վերջում նախագահ Սարգսյանը նաև մանրամասներ է ներկայացրել վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանագոտու Տավուշի հատվածում Ադրբեջանի սանձազերծած ռազմական նախահարձակ գործողությունների վերաբերյալ, մասնավորապես ընդգծելով, որ հարևան երկիրը ոտնահարել է համընդհանուր արժեքները՝ անհաջող փորձ անելով լուծել իր կարճաժամկետ խնդիրները, այն դեպքում, երբ այսօր ամբողջ աշխարհը համախմբված է ընդդեմ համավարակի: