Բաժակաճառ, թե Հայաստանի համար ուժեղ նախաձեռնություն. Սեւրի մարտահրավերը
15-08-2020 11:42:29 | Հայաստան | Վերլուծություն
Հայաստանի տասը կուսակցություններ օրերս տարածեցին Սեւրի պայմանագրի աշխարհքաղաքական արժեքի, պայմանագրի միջազգային արդիականացման գործընթացին մասնակցելու պատրաստակամության վերաբերյալ հայտարարություն, որի առիթը պայմանագրի 100-ամյակն էր: Կուսակցությունների տասնյակը բավականին «հախուռն» էր եւ նրանց թերեւս միավորում էր այն, որ բոլորը գործում են նոր իշխանության հանդեպ կոշտ հռետորաբանության դաշտում, իսկ որոշներն անգամ՝ պարզ զազրախոսության եւ հակաքարոզչության:
Հայտարարությունը սակայն իր բովանդակությամբ ուներ բավականին կարեւոր նշանակություն, սակայն այն «բաժակաճառից» պետք է տարբերվի քայլերի տրամաբանական հաջորդականությամբ, հակառակ դեպքում առաջանում են հարցեր:
Իսկ գլխավոր հարցն անշուշտ այն է, թե Սեւրի պայմանագրի միջազգային արդիականացման գործընթացին մասնակցելու պատրաստակամություն հայտնող ուժերը ինչպես են վերաբերում 1921 թվականի Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրի հարցին, որը Սեւրի փաստացի հակապատկերն է: Դրա հարյուրամյակը հաջորդ տարի է, մինչ այդ հավանաբար կլռեն: Մյուս կողմից, դրանից առավել եւս կստացվի, որ խոսքը բաժակաճառի մասին է, որովհետեւ պետք է ինչ որ բան անել Սեւրի արդիականացման պատրաստակամությունն իրացնելու համար:
Չնայած, հնարավոր է թողնել դա կառավարության վրա, ասել, թե իրենք պատրաստ են, բայց պետք է անի կառավարությունը: Անհրաժեշտ է արձանագրել, որ հարցի առնչությամբ կառավարությանն օբյեկտիվորեն կաշկանդող հանգամանքները ավելի շատ են, քան ուժերի, որոնք չունեն իշխանություն լինելու անմիջական պատասխանատվությունը: Բացի այդ, ի՞նչ են անելու, եթե կառավարությունը չի անում ոչինչ:
Իսկապես ստացվել է բավական բարդ ու անհարմար վիճակ: Լռել հնարավոր չէր, իսկ խոսելն էլ ստացվում է բաժակաճառ, եթե չի արվում Բ-ն, Գ-ն, Դ-ն եւ այդպես շարունակ:
Ամբողջ հարցն այն է, որ տասնյակի նախաձեռնությունը Հայաստանի համար կարող է լինել բավականին ուժեղ քայլ, եթե ունենում է իր տրամաբանական շարունակությունը Սեւրի խնդրի ռազմա-քաղաքական ամբողջության իմաստով, ըստ այդմ նաեւ ռուս-թուրքական պայմանագրի գնահատման եւ դրա խնդրի բարձրաձայնման:
Մյուս կողմից, կարող է լինել Հայաստանի հաշվին քայլերի հնարավորություն տվող նախաձեռնություն, եթե մնում է չամբողջացած: Որովհետեւ այդպիսով կարող է ստացվել ընդամենը պատմության առաջ Ռուսաստանին մաքրելու, ըստ այդմ ներկայի համար էլ պատասխանատու կեցվածքից ազատելու, եւ Հայաստանի հետ պայմանավորվելու փոխարեն Թուրքիայի հետ առեւտուր անելու հնարավորություն:
Միեւնույն ժամանակ, քայլ կարող է անել պաշտոնական Երեւանը, մարտահրավեր նետելով տասնյակին եւ հարցի շուրջ նախաձեռնելով հանդիպում՝ Սեւրի արդիականացման հարցեր քննարկելու համար, խնդրի ռազմա-քաղաքական ամբողջությունն ապահովելու նկատառումով, որպես հանրության առաջ պատասխանատվության երաշխիք: