Փաշինյանը զայրացել է․ ինչ խոսակցություն է ծավալվել վարչապետի և նախարարի միջև (Տեսանյութ)


Փաշինյանը զայրացել է․ ինչ խոսակցություն է ծավալվել վարչապետի և նախարարի միջև (Տեսանյութ)

  • 25-08-2020 17:51:54   | Հայաստան  |  Մամուլի տեսություն



Ezerk.am-ը գրում է․
Հայաստան չհայտագրված զենքի մատակարարման ֆոնին Ռուսաստանն ու Թուրքիան ստորագրեցին 2017-ին կնքված պայմանագրի շրջանակներում Տ-400 ՀՕՊ համակարգերի երկրորդ, լրացուցիչ գնդային կազմը մատակարարելու համաձայնություն: Այս ընթացքում Հայաստանում չեն դադարում տեղային նշանակության համառ մարտերը։
Բաքուն Անկարայի դրդմամբ՝ հավանաբար նաեւ թուրքական հետախուզական տվյալների վրա հենվելով, հնարավորինս սրել է հարաբերությունները Մոսկվայի հետ, հայտարարելով գործընկերային հարաբերությունների միառժամանակյա սառեցման մասին: Պատրվակը Տավուշյան մարտական սրումն ու Հայաստան սպառազինության մատակարարումներն են:
Բաքվի թե թյուրքալեզու, թե ռուսալեզու մամուլը ջանք չի խնայում նկարագրելու Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ հաստատված չհայտագրված զենքի փոխադրման օդային կամրջի բարկահամ մանրամասները:
Այս պատկերը լրացնում է Երեւանի եւ Ստեփանակերտի միջեւ գցած եւս մի «կամուրջ», որով ՀՀ նախկին նախագահներից մեկը եւ Արցախի ԱԽ ներկայիս քարտուղարը եւ ՊԲ նախկին հրամանատարը «ռազմամթերք» են մատակարարում հակառակորդի իրազեկային բանակին:
Եթե Բաքվի ամբաստանությունները կշռում են 500 տոննա, ապա հայկական անհամաչափ պատասխանը շուրջ 50000 տոննա է: Հարաբերությունը 1:100 է հոգուտ Բաքվի: Դրսեւորվել է ազգային անվտանգության մասին յուրահատուկ պատկերացում:
Նույն անբացատրելի յուրահատկությունն ունի օրեցոր սրվող սպառնալիքների ներքո Հայաստանում առկա քաղաքական դիսկուրսը ընդհանրապես: Նման պարագաներում ռազմավարական հաշվարկները, որոնց մասին շարունակ խոսում է պաշտոնական քարոզչությունը, թերեւս, չափազանց լավատեսական են հնչում:
 
1in.am-ը գրում է․
Ապրիլյան քառօրյա պատերազմի թեմայով մամուլի մեծ ասուլիսի ընթացքում Սերժ Սարգսյանը հրաժարվեց անդրադառնալ այլ թեմայով հարցերի՝ հավաստիացնելով, թե շարունակելու է թեմատիկ ասուլիսները և հայտնելով, որ կցանկանար հաջորդը նվիրել արցախյան կարգավորման գործընթացին: Այդուհանդերձ, Սարգսյանը արեց «թեմայից դուրս» հայտարարություններ, որոնք ծավալուն չէին, սակայն բավականին հատկանշական էին քաղաքական որոշակի գործընթացներ դիտարկելու և ընկալելու, եզրակացություն անելու համար: Մասնավորապես, իր և ՀՀԿ-ի վերջին շրջանի աշխուժության մասին հարցին նա պատասխանեց, թե այն, ինչ անում է այժմ, չի դիտարկում քաղաքական աշխուժություն՝ թե՛ իր, թե՛ ՀՀԿ առումով: Սերժ Սարգսյանի այդ հայտարարությունը հատկանշական է ներքին քաղաքական դասավորության իմաստով: Նա փաստացի հայտարարում է, որ ՀՀԿ-ն դեռ չի մտել խաղի մեջ: Եվ դա այն դեպքում, երբ, օրինակ, նախկին կառավարող համակարգի ընդդիմադիր հավակնություն ունեցող մյուս առանցքային բևեռը՝ Ռոբերտ Քոչարյանը, խոսում է արդեն անգամ պայքարի մեթոդաբանության մասին և ակնարկում իր կազմակերպական կարողությունների մասին՝ նշելով, թե պետք է ընդամենը ընտրել կազմակերպիչ և վերցնել իշխանությունը փողոցով:
Այլ հարց է, երկրորդ նախագահը անկեղծ հավատո՞ւմ է իր այդ հնարավորությանը և ընդհանրապես այդ մեթոդաբանությանը: Մեծ հավանականությամբ՝ ոչ: Համենայնդեպս, նա չի թողել այնպիսի անհամարժեք գործչի տպավորություն, որ ունենա պատրանք այդ հարցում: Մյուս կողմից, Ռոբերտ Քոչարյանը հաշվարկը կառուցում է հեռանկարի վրա և ներկայումս լուծում է մեկ այլ հարց՝ մաքրել իր ճանապարհը առաջին հերթին հենց «յուրային» շրջանակների այլ հավակնորդներից, որոնք իրեն չէ, որ տեսնում են որպես նախկին համակարգից սերված ընդդիմության առաջնորդ: Այդ ֆոնին, ահա, երբ Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցով բացում է մեթոդաբանական խաղաքարերը, թեկուզ մարտավարական մանևրի ակնկալիքով՝ ոչ թե մոտալուտ հաջողության մոլորությամբ, Սերժ Սարգսյանն իր ասուլիսով հայտարարում է, որ դեռ չի էլ մտել խաղի մեջ: Կասկած չկա նաև Սերժ Սարգսյանի համարժեքության հարցում, այն իմաստով, որ նա էլ չունի պատրանք, թե հնարավոր է վերադարձ իշխանության, թեև Սարգսյանի առումով հարց է անգամ նրա մեջ այդպիսի ցանկությունը: Սարգսյանն էլ հստակ պատկերացնում է, որ խնդիրը կամ պայքարը ոչ թե Նիկոլ Փաշինյանի դեմ է, այլ նախկին համակարգում՝ ընդդիմություն ձևավորելու և դրա լիդերի կարգավիճակի, այդ ընդդիմության հրապարակային կամ ստվերային կառավարչի կամ առաջնորդի համար: Սերժ Սարգսյանի հայտարարությունն այդ իմաստով ստացվում է պատասխան Ռոբերտ Քոչարյանի հայտին, որ Սարգսյանը, ինչպես նախագահության շրջափուլում, այդպես էլ իշխանությունը թողնելուց հետո, ամենևին մտադիր չէ որևէ ներքաղաքական դիրք թողնել Ռոբերտ Քոչարյանին:
Այդ իմաստով, ՀՀԿ-ն ինչպես եղել է Ռոբերտ Քոչարյանի «աքքիլեսյան գարշապարը» դեռևս նրա նախագահության շրջանից, այնպես էլ շարունակելու է մնալ նրա «աքքիլեսյան գարշապարը» նաև ընդհանրապես համակարգային իշխանափոխությունից հետո, որը թավշյա հեղափոխության արդյունք էր: Երկրորդ նախագահն իր նախագահության շրջանում փորձեց լուծել այդ հարցը առաջին անգամ 2003 թվականին՝ թույլ չտալով ՀՀԿ կառավարող բացարձակ մեծամասնություն և ձևավորելով ՀՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ կոալիցիա, այդպես էլ 2007 թվականին՝ ընդհանրապես կատարելով խաղադրույք ԲՀԿ նոր կառավարող մեծամասնություն ձևավորելու վրա: Բայց երկու դեպքում էլ նրան չհաջողվեց լուծել ՀՀԿ «հարցը»: Սերժ Սարգսյանի ասուլիսը այդ իմաստով նաև այն մասին էր, որ երկրորդ նախագահին չի հաջողվի լուծել ՀՀԿ հարցը նաև երրորդ անգամ: Իսկ առանց այդ հարցը լուծելու, Ռոբերտ Քոչարյանին չի հաջողվի լուծել շատ թե քիչ լուրջ որևէ այլ քաղաքական հարց: Իհարկե, դա չի նշանակում, որ ՀՀԿ հարցը լուծելուց հետո ամեն ինչ կգնա, ինչպես «դասականը» կասեր՝ ինքնըստինքյան, բայց առանց այդ հարցը լուծելու չի գնա ոչինչ:
 
«Հրապարակ» թերթը գրում է. «Որքան էլ Արսեն Թորոսյանի շրջապատը ջանում է լուրեր տարածել, թե նա մնալու է՝ Նիկոլ Փաշինյանը գոհ է նրա աշխատանքից, մեր աղբյուրներն ասում են, որ այդպես չէ։ Ավելին՝ 2 օր առաջ Թորոսյանը դիմում է գրել աշխատանքից ազատվելու, սակայն Փաշինյանը խիստ զայրացել է, պատռել է դիմումը եւ ասել, թե՝ դու չես որոշում՝ երբ գնաս, ես եմ որոշում։
Պատմեցին, որ տհաճ խոսակցություն է եղել վարչապետի եւ նախարարի միջեւ։ Վարչապետն ասել է, որ այժմ իրավապահները ստուգում են իր գործունեությունը, եւ եթե պարզվի՝ իրականությանը համապատասխանում են խոսակցությունները, որ Թորոսյանը կոռուպցիոն գործարքների մեջ է խճճված, ապա նա ոչ թե հեռանալու է, այլ՝ պատժվելու։ Խոսակցությունը Թորոսյանը ծանր է տարել եւ այդ դեպրեսիայի պատճառով է նաեւ «ջնջվել» Ֆեյսբուքից»:
 
«Ժամանակ» թերթը գրում է. «Ըստ ՀՀԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրի՝ այդ կուսակցությունում քննարկվում է կուսակցության վերանվանման հնարավորության հարցը:
Կուսակցության որոշ անդամներ կտրականապես դեմ են դրան՝ նկատի ունենալով այն պատմությունը, որն իր ետևում ունի կուսակցությունը, մյուսները համարում են, որ այդ պատմությունը և անվանումը դեռ երկար ժամանակ թույլ չեն տալու իրենց լինել ակտիվ քաղաքականության մեջ»:
 
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, որ վերջին շրջանում բնակվում է Մոսկվայում, պարզվում է գիտական լուրջ հաջողություններ է գրանցել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Կոստանյանը միայն վերջին 2 տարում իր գիտական գործունեության արդյունքում հրապարակել է 3 մենագրություն, 2 դասագիրք և 25-ից ավելի գիտական հոդվածներ, որոնք լույս են տեսել ինչպես ՀՀ-ում, այնպես էլ՝ երկրի սահմաններից դուրս մի շարք հեղինակավոր ամսագրերում (Ռուսաստան, Բուլղարիա, Իտալիաև, այլն), հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով:
Նկատենք, որ իրավաբանական գիտությունների դոկտոր Գևորգ Կոստանյանն իր գիտական հոդվածներում և հարցազրույցներում բարձրաձայնում է մեր հասարակությունում, ինչպես նաև հետխորհրդային երկրներում և իրավագիտության ոլորտում առկա խնդիրներն ու բացթողումները, համեմատական վերլուծություն իրականացնելով ՄԻԵԴ-ի կայացրած վճիռների և արտահայտած դիրքորոշումների հետ: Հասարակության լայն շրջանակներին անհայտ էր նաև Կոստանյանի ներդրումը մանկավարժական գործունեությունում: Կոստանյանը շուրջ 12 տարի դասավանդել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական, և միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, ՀՀ ոստիկանության ակադեմիայում, իսկ այս պահին դասավանդում է Ռուսաստանի Դաշնության Գլխավոր դատախազության կրթական հաստատություններում»:
 
«Ժամանակ» թերթը գրում է. «Ուսումնական տարվա սկզբից կարող են առանց աշխատանքի մնալ նաև դպրոցների ջոկատավարները:
Այդ հաստիքը գալիս է դեռևս խորհրդային տարիներից և իներցիայի ուժով հասել է մինչև մեր օրերը: Սակայն կրթության նախարարությունում որոշել են հրաժեշտ տալ նախկինից եկած այդ ատավիզմին, որն, իհարկե, կարող է հարուցել որոշակի դժգոհություն»:
 
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ պարետատունը մանրամասն հաշվետվություն է ուզել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից` պարզելու համար, թե վերջինս ինչպես է ծախսել կորոնավիրուսի կանխարգելման նպատակով հավաքված գումարները, ինչ է արել, և ինչ աշխատանքներ են կատարվել: Ընդ որում, պարետատան պահանջած հաշվետվության մեջ պահանջվել է ամեն ինչ մանրամասն նկարագրել, քանի որ արդյունավետության մասով կասկածներ կան։
«Ժողովուրդ» օրաթերթը դեռևս հուլիսի 11-ին գրել էր, որ ՀՀ առողջապահության նախարարությունը կարծես թե թաքցնում է, թե որքան գումար է ծախսվել մեկուսացված քաղաքացիներից յուրաքանչյուրի վրա, որ հյուրանոցը որքան գումար է ստացել և այլն։ Նրանք, մեր հարցման ի պատասխան, միայն նշել էին, որ հունիսի 1-ի դրությամբ ծախսերը կազմել են 687 մլն 518 հազար դրամ, իսկ մեկուսացման գործընթացի կազմակերպիչների ամսական վարձատրությունը կազմել է 150-ից 300 հազար դրամ, բայց ոչ մի մանրամասն»։
 
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դատական համակարգում մտահոգված են ՀՀ գերագույն դատարան ստեղծելու նախնական որոշման մասով: Ինչպես հայտնի է, դեռևս օգոստոսի 22-ին սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հավանություն էր տվել Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների միավորման հարցին, ինչպես նաև նոր փոփոխությամբ ՀՀ յուրաքանչյուր դատարան լիազորված կլինի իր վարույթում քննվող գործի շրջանակներում օրենքի սահմանադրականության վերաբերյալ որոշում կայացնել, այսինքն, պատկերավոր ասած, վերահսկել ինքն իրեն։ Ու այս որոշումներին հանձնաժողովի 15 անդամներից 8-ը կողմ էր եղել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դատական համակարգում ներքին քննարկումներ են ծավալվել, որոնց ժամանակ առաջին ատյանի դատավորները կողմ են արտահայտվել Գերագույն դատարան ստեղծելու որոշմանը, և հատկապես նրանց դուր է եկել այն, որ իրենք կկարողանան իրենց վարույթում քննվող գործի շրջանակներում օրենքի սահմանադրականության վերաբերյալ որոշում կայացնել։ Սակայն, դրան զուգահեռ, այս որոշմանը դեմ են Վճռաբեկ դատարանի անդամները:
Բանն այն է, որ եթե հանրային քննարկման արդյունքում հավանության արժանանա սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը, ապա 2021 թվականին տեղի կունենա սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, իսկ արդեն 2022 թվականից կսկսի գործել նոր դատական մոդելը: Եվ հենց այս ժամկետներն են քննադատության պատճառ դարձել, քանի որ Գերագույն դատարանի կազմավորման պարագայում այն գործելու է նոր կազմով, դատավոր դառնալու համար նոր պահանջներով, և արդեն ակնհայտ է, որ այժմյան ՍԴ անդամները կամ Վճռաբեկ դատարանի դատավորներից շատերը նոր մարմնում չեն լինի, ինչն արդեն դժգոհությունների պատճառ է հանդիսացել:
Վերջիններս հատկապես մտահոգված են, որ այդ դեպքում իրենք պետք է վեթթինգի ենթարկվեն: Եվ ուշագրավ է նաև, որ դատավորները սկսել են բարեկամներ փնտրել իշխանությունների ներսում, որպեսզի կարողանան ապահովագրել իրենց»:
 
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններո՝ երեկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն անցել է հանգիստ մթնոլորտում: Ըստ մեր տեղեկությունների՝ հանդիպման ժամանակ հիմնականում խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ու, կարելի է ասել, անդրադարձել է բոլոր այն «թոփ» թեմաներին, որոնք այս օրերին քննարկվում են: Մենք տեղեկացանք, որ վարչապետը խոսել է նաև Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի միավորման հարցի մասին, կրթության չափորոշիչների, Ամուլսարի հանքի շահագործման մասին, ինչպես նաև անդրադարձել է անգամ Բելառուսում վերջին օրերին տեղի ունեցող թեժ ցույցերին և տիրող իրավիճակին:
Փաշինյանն ասել է, որ պետք է իրենք իրենց թիմով քննարկումներ ունենան՝ բոլոր հարցերի հետ կապված: Իսկ, ահա, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամները հիմնականում լսողի դերում են եղել, ընթացքում նաև հարցեր են հնչել, որոնց Փաշինյանը պատասխանել է ընդհանուր: Նշենք, որ հանդիպումը տևել է երկու ժամ, որից հետո Փաշինյանը դուրս է եկել ու հեռացել՝ հրաժարվելով պատասխանել լրագրողների հարցերին»:
 
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը պատրաստվում է լրացում կատարել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում: Օրենքում նախատեսվում է ավելացնել դրույթ, ըստ որի «Ավտոբուսներով (միկրոավտոբուսներով) և թույլատրելի առավելագույն 3,5 տոննա քաշը գերազանցող բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով միջպետական փոխադրումներ (բացառությամբ ոչ առևտրային փոխադրումները) իրականացնող կազմակերպությունները պետք է ունենան գործարար բարի համբավ, ֆինանսական անհրաժեշտ միջոցներ և մասնագիտական որակավորում»:
Դժվար է ասել, թե ինչպես է չափվելու գործարար բարի համբավը, բայց անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայությունն ապահովելու համար կազմակերպություններին պարտադրելու են ներկայացնել բանկային տեղեկանք 9 հազար եվրոյի չափով առաջին մեքենայի համար, ևս 5 հազարական եվրո յուրաքանչյուր հաջորդի համար»:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամուլի տեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play