ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Ադրբեջանում հայտնված սպա Գուրգեն Ալավերդյանի հանդեպ կիրառվող նվաստացնող վերաբերմունքը


ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Ադրբեջանում հայտնված սպա Գուրգեն Ալավերդյանի հանդեպ կիրառվող նվաստացնող վերաբերմունքը

  • 28-08-2020 11:58:09   | Հայաստան  |  Հասարակություն

Մենք խստորեն դատապարտում ենք օգոստոսի 22-ին ադրբեջանական իրավազորության ներքո հայտնված սպա Գուրգեն Ալավերդյանի հանդեպ կիրառվող նվաստացնող վերաբերմունքը, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի բացահայտ և կոպիտ խախտում է:
 
Գուրգեն Ալավերդյանի արժանապատվության հրապարակային ոտնահարմամբ Ադրբեջանը մերժում է քաղաքակիրթ մարդկության կողմից հանրահռչակված՝ ռազմագերիների՝ «ցանկացած հանգամանքներում իրենց անձի և պատվի նկատմամբ հարգանքի իրավունքը», որն ամրագրված է Ժնևի III կոնվենցիայով: Նման գործելակերպը բնորոշ է տխրահռչակ ահաբեկչական խմբավորումներին և, ինչպես կարող ենք արձանագրել, նաև Ադրբեջանին:  
 
Պարզունակ քարոզչության և հայատյացության հնարքներով սեփական ժողովրդին կերակրող Ադրբեջանի բռնապետական ռեժիմն իջել է այն մակարդակին, որ հուլիսյան մարտերում սեփական բանակի լուրջ անհաջողությունները կոծկում է ռազմագերուն պարտադրված շինծու տեքստերով: 
 
Միջազգային մարդասիրական իրավունքի հանդեպ Ադրբեջանի արհամարհանքի մասին է վկայում նաև այն փաստը, որ Ադրբեջանն այն սակավաթիվ երկրներից է, որոնք հրաժարվում են վավերացնել Ժնևի կոնվենցիաներին կից բոլոր լրացուցիչ արձանագրությունները:
 
Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի շարունակական խախտումները լրջորեն խաթարում են խաղաղությանը նպաստող միջավայրի հաստատումը: 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play