Բացօթյա համերգով տրվել է Կամերային նվագախմբի նոր համերգաշրջանի մեկնարկը


Բացօթյա համերգով տրվել է Կամերային նվագախմբի նոր համերգաշրջանի մեկնարկը

  • 14-09-2020 14:20:17   | Հայաստան  |  Մշակույթ

Բացօթյա ինքնատիպ համերգով տրվեց Հայաստանի պետական կամերային նվագախմբի 2020-2021 թթ․ համերգաշրջանի մեկնարկը: Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան այգում կայացած համերգին ՀՊԿՆ-ը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյան) կատարեց Լյուդվիգ վան Բեթհովենի, Անտոնին Դվորժակ և Ջուզեպպե Տարտինիի ստեղծագործությունները՝ հետաքրքիր կամերային ծրագիր ներկայացնելով ունկնդրին:
 
Հայաստանի պետական կամերային նվագախմբի կոնցերտմայստեր Աստղիկ Վարդանյանը շեշտում է՝ նվագախումբը մեծ ցանկություն ուներ հանդիպելու հանդիսատեսի հետ: Երաժիշտներն այս ընթացքում աշխատել են, հարստացրել իրենց երկացանկը, հնարավորության պարագայում էլ՝ փոքր կազմերով տեսագրել ելույթներ և հրապարակել համացանցում:  
 
«Պետք է ասեմ, որ մենք շատ կարոտել ենք մեր հանդիսատեսին: Հանդիսատեսի հետ կոնտակտը, մարդկային շփումը լրիվ այլ երևույթ է: Մենք մեծ հաճույքով ու պատասխանատվությամբ ենք պատրաստվել այս համերգին»,-նշում է Աստղիկ Վարդանյանը:
 
Ի դեպ, Տարտինիի Ջութակի սոնատ սոլ մինոր ստեղծագործության կատարման ընթացքում նվագախմբին միացավ երիտասարդ տաղանդավոր ջութակահարուհի Օվսաննա Հարությունյանը՝ մաս կազմելով Հայաստանի պետական կամերային նվագախմբի նախաձեռնած «Ճանապարհ երիտասարդներին» ծրագրի։ Ըստ ծրագրի գաղափարախոսության՝ նվագախումբը մշտապես ճանապարհ է հարթում երիտասարդ երաժիշտների համար՝ հնարավորություն ընձեռելով նրանց հանդես գալ պրոֆեսիոնալ կոլեկտիվի հետ։ Սա Օվսաննայի և ՀՊԿՆ-ի արդեն երկրորդ հաջողված համագործակցությունն էր։ Տարտինիի այս ստեղծագործությունը շատ հետաքրքիր պատմություն ունի: Մի անգամ երազում Տարտինին սատանային է հանձնում իր ջութակը և խնդրում ցուցադրել իր տաղանդը: Ի զարմանս կոմպոզիտորի՝ սատանայի կատարած ստեղծագործությունը նրան հիացած է թողնում, և արթնանալով՝ նա փորձում է վերարտադրել երազում լսածը, սակայն ամբողջովին չի հաջողվում:
 
Համերգի ընթացքում հնչեցին նաև «բիսեր»՝ կոմիտասյան ստեղծագործությունների ինքնատիպ կատարումների տեսքով։
Նոյյան տապան  -   Մշակույթ