Իրողության ճանաչումը հասնում է Արցախ. Բաքուն մտահոգ է


Իրողության ճանաչումը հասնում է Արցախ. Բաքուն մտահոգ է

  • 16-09-2020 10:33:04   | Հայաստան  |  Վերլուծություն

Արաբական Միացյալ Էմիրությունների հետո Բահրեյնը երկրորդ արաբական պետությունն է, որ ԱՄՆ նախագահ Թրամփի հովանու ներքո կարգավորում է հարաբերությունն Իսրայելի հետ: Ավելին, կա խոսակցություն, որ երրորդ արաբական պետությունը կլինի Օմանը:
 
Այստեղ հատկանշական է այն, որ արաբ-իսրայելյան համաձայնությունը բավականին ցավոտ է ընդունում Ադրբեջանը, դատելով այդ երկրի պրոպագանդայի անդրադարձից:
 
Այստեղ անշուշտ էական նշանակություն ունի Թուրքիայի հանգամանքը: Ադրբեջանն իր վարքագով աստիճանաբար դառնում է Թուրքիայի «ծուռ հայելին»: Միեւնույն ժամանակ, Բաքվին մտահոգում է յանգամանքը, որ արաբ-իսրայելյան հաշտությունը կարող է լուրջ ազդեցություն ունենալ ռեգիոնալ անվտանգային համակարգերի վրա, ամրացնելով գոյություն ունեցող իրողությունները, որոնց ճանաչման նշանաբանով ամերիկյան քաղաքականությունն է ծավալվում արաբ-իսրայելյան տիրույթում:
 
Այդ նշանաբանով ԱՄՆ նախագահը Երուսաղեմը ճանաչեց Իսրայելի մայրաքաղաք, ու թեեւ դրանից հետո սպասվում էր արաբական խոշոր ընդվզում, բայց փաստացի ստացվում է, որ իրողությունների ճանաչման շրջանակում այժմ տեղի է ունենում արաբ-իսրայելյան հաշտություն: Անշուշտ, դրա ապագան կախված է լինելու ԱՄՆ նախագահի ընտրության արդյունքից, թեեւ հնարավոր է խոսել նաեւ հակառակի՝ հաշտությունից նախագահի ընտրության արդյունքի կախվածության մասին:
 
Թիվ մեկ գերտերության «իրողությունների ճանաչման» տրամաբանության վրա կառուցված մոտեցումը անշուշտ անհանգստացնում է Բաքվին: Մյուս կողմից, արաբ-իսրայելյան հաշտությունը կարող է բերել Ադրբեջանի հանդեպ Իսրայելի հետաքրքրության թուլացման, նկատի ունենալով նաեւ այն, որ զուգահեռ կա Հայաստան-Իսրայել հարաբերության սերտացման միտում:
 
Հատկանական է նաեւ, որ իսրայել-արաբական հաշտության գործընթացի ֆոնին Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը այց է կատարում արաբական աշխարհի առաջատար երկրներից մեկը՝ Եգիպտոս, որտեղ պատոնական այցի շրջանակում հանդիպել է այդ երկրի նախագահին, արտգործնախարարին, Արաբական երկրների լիգայի ղեկավարին:
 
Այդ ամենն անշուշտ անհանգստացնում է Թուրքիային, ու հետաքրքիր է, որ հայաստանյան նախարարի այցի ֆոնին Թուրքիայի նախագահի խորհրդականը հայտարարել է Եգիպտոսի հետ խնդիր չունենալու, նաեւ հյուսիսաֆրիկյան ռեգիոնում կայունության եւ խաղաղության շահագրգռություն ունենալու հարցում: Եգիպտոսի պատասխանն իհարկե չի ուշացել: Եգիպտոսի արտգործնախարարն այդ առնչությամբ հայտարարել է, որ Կահիրեն դատում է ոչ թե խոսքով, այլ գործով, ըստ այդմ կհետեւեն Թուրքիայի քայլերին:
 
Միամտություն է կարծել, որ Թուրքիան անհանգստացել է Հայաստանի նախարարի այցով, սակայն այցի հետ հայտարարության զուգահեռը խորհրդանշում է այն խորքային նշանակությունը, որ հայկական գործոնն ունի Անկարայի համար՝ անկախ հավակնոտ քաղաքականության ուղղությունից եւ դրանում Հայաստանի անմիջական ներգրավվածությունից: Հայկական գործոնն Անկարայի համար այն ականն է, որի վրա նստած է թուրքական պետությունը, ընդ որում լավ պատկերացնելով, որ չունի այդ ականի գործողության կառավարման վճռորոշ կարողություն:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

Նոյյան տապան  -   Վերլուծություն