Լուկաշենկոյի ստորացումը. Պուտինը երկու ամիս ժամկետ է տվել


Լուկաշենկոյի ստորացումը. Պուտինը երկու ամիս ժամկետ է տվել

  • 16-09-2020 12:30:19   | Հայաստան  |  Վերլուծություն

Սոչիում Պուտինի եւ Լուկաշենկոյի հանդիպումը բուռն քննարկումներ է առաջացրել ռուսական մեդիատիրույթում: Հանդիպման կադրերը վկայում են, որ Լուկաշենկոն բավական նվաստացած վիճակում էր, իսկ նրա խոսքը մատնում էր հոգեկան անհավասարակշիռ վիճակն ու անհամարժեքությունը: Փոխարենը, Պուտինը նստած էր տիրակալի պես ու ձանձրանում էր: Հայտնի է, որ Պուտինն ու Լուկաշենկոն զզվում են միմյանցից: Մյուս կողմից, խաղասեղանին է շատ բան՝ Լուկաշենկոյի ճակատագիրն ու ռուսական ազդեցության հեռանկարը Բելառուսում, ինչն էլ Պուտինին ստիպել է առայժմ աջակցել Լուկաշենկոյին:
 
Հանդիպումից հետո Պուտինի խոսնակը հայտարարել է, որ Կրեմլը ճանաչում է նրա լեգիտիմությունը: Պուտինի համար այս հանգամանքն էական է այն առումով, որ չի ցանկանում իր քթի տակ ունենալ եւս մեկ օրինակ ու նախադեպ, երբ երկրի ղեկավարին հեռացնում են փողոցի ճնշման տակ: Հաջորդ պատճառն այն է, որ Կրեմլում համարում էին, որ լեգիտիմությունից զուրկ Լուկաշենկոն, ով փաստացի կորցրել է իշխանությունը Բելառուսում եւ այն պահվում է միայն ռուսական սվինի եւ բելառուսական իրավապահների բռնությունների միջոցով, կգնա ցանկացած զիջման, այդ թվում՝ Բելառուսի ինքնիշխանության գնով, ստորագրելով այսպես կոչված թիվ 31 ճանապարհային քարտեզը, որը ենթադրում է նաեւ 20 միլիարդ դոլար գնահատվող բելառուսական ակտիվների փոխանցումը ռուսական բիզնեսին:
 
Կրեմլի համար բելառուսական խաղում կար մեկ այլ հանգամանք՝ Լուկաշենկոյի միջոցով հակաարեւմտյան հռետորաբանության եւ ռազմական ագրեսիայի սպառնալիքի ֆոնին սկսել «աշխարհքաղաքական մեծ աղետի» ռեւիզիոնիզմը՝ դեպի Մերձբալթյան երկրներ ճեղքումով: Այս պլանների տեղեկատվական արտահոսքերով Կրեմլում մտադիր էին համապատասխան զիջումների հասնել Արեւմուտքի հետ բանակցություններում, մասնավորապես պատժամիջոցները հանելու կամ մեղմելու մասով:
 
Սակայն Արեւմուտքը չգնաց դրան, ավելին, Կրեմլին հասկացրին, որ նման պլանները հղի են նոր ու ավելի լուրջ պատժամիջոցներով: Արեւմուտքը հայտարարեց, որ չի ճանաչում Լուկաշենկոյին որպես երկրի լեգիտիմ ղեկավար:
 
Ռուսական ինսայդերական աղբյուրները պնդում են, որ ներկայում Կրեմլը եւ անձամբ Պուտինը կանգնել են լուրջ խնդիրների առջեւ եւ ստիպված են հետաձգել կամ հրաժարվել նախկին պլաններից: Նշվում է, որ Կրեմլում հաշվի չէին առել բելառուսական հանրության նման պահվածքը հետընտրական շրջանում, եւ Բելառուսի ինկորպորացիայի պարագայում կարող են լինել ծանր հետեւանքներ: Լուկաշենկոյին աջակցելու պատճառով Բելառուսում աճում է դժգոհությունը Ռուսաստանից, ըստ հարցման տվյալների՝ միայն 3 տոկոսն է կողմ Ռուսաստանի հետ միասնական պետությանը: Ավելին, Ռուսաստանի հետ սերտ հարաբերությունների կողմնակիցների թիվը երկրում նվազել է կիսով չափ՝ 60 տոկոսից հասնելով 35-ի:
 
Այսպիսով, ըստ ինսայդերական աղբյուրների, Պուտինը կանգնել է փակուղու առջեւ, երբ բաց է թղնվել Լուկաշենկոյից ազատվելու ճիշտ պահը, միեւնույն ժամանակ նրան աջակցելու ամեն մի օրը Բելառուսում մեծացնում է հակառուսական տրամադրությունները: Իսկ Բելառուսը Ուկրաինա չէ՝ այն միատարր երկիր է՝ հանրային բավական մեծ կոնսենսուսով, կիսված չէ էթնիկ-կրոնական հատկանիշներով, եւ էքսպանսիայի պարագայում հետեւանքները կարող են անկանխատեսելի լինել:
 
Ըստ այդմ, Ռուսաստանը կանգնած է Բելառուսը կորցնելու բավական իրական, եթե արդեն իսկ չկայացած, փաստի առաջ: Ռուսական քաղաքականությունն այս իմաստով իսկապես «հրաշքներ» է գործում:
 
Ըստ ինսայդերների, այս հանգամանքներն են Պուտինին ստիպել հետ կանգնել նախկին պլաններից: Այդ պատճառով Սոչիում ոչ մի փաստաթուղթ չի կնքվել, Լուկաշենկոյին 1,5 միլիարդ դոլար վարկ են տվել, որը գնալու է ռուսական պարտքի մարմանը եւ հնարավորություն է տալու սեպտեմբեր-հոկտեմբերին խուսափել դեֆոլտից: Կրեմլում ներկայում մտածում են իրավիճակից դուրս գալու տարբերակների շուրջ, այդ թվում՝ իշխանության տրանզիտի մեխանիզմների: Իսկ Լուկաշենկոյին երկու ամիս ժամանակ են տվել «ներքին խնդիրները լուծելու համար»:
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն