Հայկական հողն այրվում է Էրդողանի ոտքերի տակ․ որոշումը կայացվելու է սեպտեմբերի 21-ին


Հայկական հողն այրվում է Էրդողանի ոտքերի տակ․ որոշումը կայացվելու է սեպտեմբերի 21-ին

  • 17-09-2020 09:50:20   | Հայաստան  |  Վերլուծություն

Գերմանական Դոյչե վելլեն հոդված է հրապարակել Էրդողանի երեք պալատների, այդ թվում՝ Վանա լճի ափին սելջուկյան ոճի պալատի շինարարության պատմության մասին։ Պաշտոնական տվյալներով, պալատը կառուցվելու է նույն վայրում, որտեղ սելջուկյան սուլթան Ալփարսլանը խփել է իր ճամբարը Բյուզանդիայի դեմ հաղթանակից հետո, գրում է DW-ը։ Խոսքը 1071 թվականի Մանազկերտի ճակատամարտի մասին է, որը բացեց սելջուկների ճանապարհը դեպի Փոքր Ասիա։
 
Էրդողանն ասել է, որ պալատը կառուցվելու է, չնայած դատարանն արգելել է։ Օգոստոսի վերջին նա Վանա լճի ափին հանդիսավոր ելույթ ունեցավ՝ նվիրված Մանազկերտի ճակատամարտին՝ հայտարարելով, որ թուրքերն արդեն 1000 տարի ապրում են այս տարածքներում։
 
Վանա լճի ափին պալատից բացի Էրդողանն ամառային նստավայր է կառուցում Օքլուքում, Միջերկրածովյան Մարմարիս քաղաքի մոտ։ 2014 թվականին նա տեղափոխվել էր Անկարայում գտնվող իր հսկայական նստավայր, որի շինարարությունն արժեցել է կես միլիարդ եվրո։ DW-ը գրում է նաեւ, որ Էրդողանը նոր նստավայր է տեղափոխվել Չանքայայի նստավայրից։ Հողը, որի վրա կառուցված է Չանքայայի պալատը, ժամանակին պատկանել է հայ ոսկերիչ ու վաճառական Ղասաբյանին։
 
Հայկական հողն սկսում է այրվել Էրդողանի ոտքերի տակ։ Ոչ նոր պալատները, ոչ կրակոտ ելույթները չեն կարող խլացնել հարցը՝ ու՞ր են այս հողերի տերերը, ո՞վ է այդտեղ ապրել նախքան թուրքերը եւ ինչու՞ է լիճը կրում Վանա հայկական անվանումը։
 
Թուրքիայի մյուս հատվածում եւս անհանգիստ է․ Հունաստանն ու Կիպրոսը պաշտպանում են իրենց շահերը։ Կիպրոսի կառավարության անդամ Կիրիյակոս Կուշոսը, պատասխանելով հարցին արդյոք պաշտոնական Նիկոսիան պահանջելու է, որ ԵՄ հակաբելառուսական պատժամիջոցները կապվեն հակաթուրքականի հետ, ասել է․ «Բելառուսի դեպքում պատժամիջոցների վերաբերյալ որոշում չի կարող ընդունվել, երբ Թուրքիայի դեպքում այլ սկզբունքներ են կիրառվում»։
 
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին կայացավ ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովը, որում Կիպրոսը հայտարարել է, որ չի քվեարկի Բելառուսի դեմ պատժամիջոցների օգտին։ Կուշոսի խոսքով, քանի դեռ Թուրքիան շարունակում է հորատման աշխատանքները կիպրական ջրերում ու սպառնում տուրիզմի ու բիզնեսի համար բացել Վարոշ թաղամասը, որը գտնվում է 1974 թվականին կիպրացի հույների կողմից լքված Ֆամագուստա քաղաքում, Բրյուսելը պետք է արագացնի Անկարայի դեմ պատժամիջոցների նախապատրաստումը։
 
Սեպտեմբերի 21-ին կկայանա ԵՄ գագաթնաժողովը, որտեղ քննարկվելու է Թուրքիայի հարցը։ Թուրքիայի հետ Եվրամիության հարաբերությունները շրջադարձային պահ են ապրում, ասել է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Ժոզեպ Բորելը՝ Անկարային կոչ անել նահանջել Արեւելյան Միջերկրականում կոնֆլիկտից եւ ապահովել մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունը երկրում։ Անկարան հետ է քաշել իր հետախուզական նավը, բայց շարունակում է ագրեսիվ հայտարարություններ անել։
 
Մուդիզ միջազգային վարկանիշային գործակալությունը Թուրքիայի էմիտենտի վարկանիշը B2-ից իջեցրել է B1, բացասական կանխատեսմամբ։ Թուրքական լիրան անկում է ապրում, աճել է Թուրքիայի վճարային հաշվեկշռի ճգնաժամի հավանականությունը արժութային պահուստների նվազման ֆոնին։
 
Թուրքիայի դեմ ձեւավորվում են նոր դաշինքներ՝ Ֆրանսիա, Կիպրոս, Հունաստան, Իսրայել, Եգիպտոս, արաբական այլ երկրներ։ Ռուսաստանն օգնության չի շտապում «եղբայր» Էրդողանին, իսկ Չինաստանի հետ Թուրքիայի հարաբերությունները վաղուց այն չեն։
 
Սեպտեմբերի 21-ի գագաթնաժողովում շրջադարձային որոշում կկայացվի՞։

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

Նոյյան տապան  -   Վերլուծություն