Ոչ մի ոստիկան դիմակ չկրող ոչ մի քաղաքացու մոտով անտարբեր չպիտի անցնի. Նիկոլ Փաշինյան. ՀԺ


Ոչ մի ոստիկան դիմակ չկրող ոչ մի քաղաքացու մոտով անտարբեր չպիտի անցնի. Նիկոլ Փաշինյան. ՀԺ

  • 17-09-2020 11:34:26   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Նախորդ ամսվա ընթացքում ամեն օր գրանցվել է կորոնավիրուսի` մոտ 200-ից պակաս հաստատված դեպք՝ բացառությամբ մեկ օրվա, որ գրանցվել է 203 դեպք, բայց վերջին երկու օրերին դեպքերի թիվն էականորեն ավելացել է՝ հասնելով 257 եւ 295-ի. ճիշտ է, հայտնաբերման տոկոսը բավականին բարձր է՝ երեկ ունեցել ենք 4319 թեստ, նախորդ օրը՝ 4135, սակայն, այնուամենայնիվ, միտումն անհանգստացնող է, եւ մեր հանրության ուշադրությունը պիտի հրավիրենք այս խնդրի վրա. Կառավարության նիստի մեկնարկին այսօր ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
 
«Մարտից հետո առաջին անգամ Երեւանում խցանում նկատեցի. ըստ երեւույթին, դա կապված է դպրոցների բացման հետ»,- նշեց նա:
 
Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ թեստավորման մեջ տոկոսային աճ է նկատվում՝ այսօր արդեն մոտ 7 տոկոս, ինչը մտահոգիչ է: «Կարծում ենք, որ այս աճը կապված է մինչդպրոցական շրջանի ակտիվացման եւ տեղաշարժի ակտիվացման, մինչ դպրոցական առեւտուր անելու, հանգստյան տներից վերադառնալու հետ: Դպրոցները բացվեցին սեպտեմբերի 15-ին, բայց մինչ այդ էլ աշխուժությունը բավական նկատելի էր,- նշեց նա՝ ընդգծելով, որ առաջիկա երկու շաբաթների ընթացքում կտեսնենք, թե վարակի տարածման տեմպի վրա ինչպես է ազդում դպրոցների բացումը:
 
«Գործնականում այս պահին կորոնավիրուսի դեմ պայքարի մեկ ապացուցված գործիք ունենք, եւ դիմակի կրման պայմանները պետք է խստորեն պահպանվեն»,- ասաց Վարչապետը՝ ոստիկանապետից պահանջելով, որ ոստիկանները դիմակ չկրող ոչ մի քաղաքացու կողքից անտարբեր չանցնեն: «Դիմակը ծնոտը փակելու համար չէ, դիմակը քիթն ու բերանը փակելու համար է»,- ասաց նա:
 
Վարչապետը նշեց, որ վարակի տարածման կանխարգելման պայմանները պահելը դժվար է, սակայն անհրաժեշտ. «925 կորոնավիրուսից մահացած մարդ ունենք, 283 հոգի կորոնավիրուսով վարակված՝ մահացել են այլ պատճառներով: Եվ երբ տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում այլ երկրներում, համոզվում ենք, որ պիտի սովորենք կորոնավիրուսի հետ ապրել առանց ամենախիստ սահմանափակումների: Բայց դա հնարավոր է միայն այն պարագայում, երբ մեր առողջապահական հիմնարկները պատրաստ լինեն սպասարկել, բուժել, բոլոր դրա անհրաժեշտությունն ունեցող քաղաքացիներին: Հուլիսին, օրինակ, եզրին էինք, օրեր ենք ունեցել, երբ մեր վերակենդանացման բաժանմունքներում երկու-երեք ազատ տեղ է մնացած եղել, բայց կարողացել ենք այդ իրավիճակը հաղթահարել, եւ ըստ էության ոչ մի քաղաքացու առանց բժշկական օգնությա չենք թողել»:
 
Նա մեջբերեց վիճակագրությունը, որ փաստում է, որ այն երկրները, որ կորոնավիրուսի դեմ պայքարում լավագույն արդյունքներն են գրանցել ունեն տնտեսական ամենախորն անկումը. «Եվ սա, իհարկե, հասկանալիորեն փոխկապակցվածության մեջ է, եւ մենք պետք է շատ ուշադիր լինենք դպրոցներում, փողոցներում, ամենուր, որ կրողանանք այդ խնդիրները լուծել»:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play