Հայկական Կարմիր խաչի ընկերությունը և HSBC Հայաստանը համատեղ ծրագրի միջոցով արձագանքել են COVID-19 համավարակի արդյունքում ստեղծված տնտեսական հետևանքներին
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը և HSBC Հայաստանը համատեղ ծրագրի միջոցով արձագանքել են COVID-19 համավարակի արդյունքում ստեղծված տնտեսական հետևանքներին
18-09-2020 18:00:03 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի (HSBC Հայաստան) ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Արձագանքման միջոցառումներ COVID-19-ին» ծրագրի շրջանակներում 2020թ. հուլիս-օգոստոս ամիսներին Գեղարքունիքի մարզի 32 ընտանիքների տրամադրեց աջակցություն, ինչը վերջիններիս կընձեռի տնտեսական գործունեություն ծավալելու արդյունքում որոշակի եկամուտ ստեղծելու և երկարաժամկետ կտրվածքով կենսապահովման խնդիրները հաղթահարելու հնարավորություն:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Գեղարքունիքի մարզպետարանի հետ համագործակցության արդյունքում Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքներում բնակվող խոցելի ընտանիքներից ընտրվեցին ծրագրի շահառուներ: Ընտանիքների ֆինանսական և/կամ բնաիրային եկամուտների ապահովման նպատակով իրականացվեց կարիքների, կարողությունների և ռեսուրսների գնահատում։
Արդյունքում 28 ընտանիքներ անասնապահությամբ զբաղվելու համար ստացան խոշոր և մանր եղջերավոր կենդանիներ, թռչուններ, 3 ընտանիքներ՝ գյուղատնտեսությամբ զբաղվելու համար գյուղտեխնիկա և 1 ընտանիք՝ կարուձևով զբաղվելու տեխնիկա։
Հայկական Կարմիր խաչի ընկերության և HSBC Հայաստանի համագործակցության շրջանակներում HSBC Հայաստանի կողմից հետագայում նախատեսվում է նաև կամավորական սկզբունքով դասընթացների կազմակերպում ստարտափ բիզնես վարելու թեմայով, որի արդյունքում ծրագրում ներգրավված ընտանիքները ձեռք կբերեն նոր գիտելիքներ և հմտություններ: