Հայաստանի նոր բանաձեւը. վակուումը չի լցնի պատերազմը


Հայաստանի նոր բանաձեւը. վակուումը չի լցնի պատերազմը

  • 23-09-2020 10:26:06   | Հայաստան  |  Վերլուծություն

Կամ կարգավորումը ձեռնտու կլինի Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի ժողովուրդներին, կամ էլ կարգավորում չի լինի, ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ մեկնաբանելով Իլհամ Ալիեւի վերջին հայտարարությունները:
 
Թերեւս, առաջին անգամ պաշտոնական մակարդակում հայտարարվում է, որ կարգավորման բացակայությունը որպես ռազմաքաղաքական իրադրություն, ստատուս-քվոյի ճանաչում հնարավոր է: Դե-ֆակտո այս վիճակը պահպանվում է արդեն երկար տարիներ, բայց ելնելով ինչ-ինչ նկատառումներից, Հայաստանն աշխարհքաղաքական մակարդակում վարել է բանակցություններ, որոնք կասկածի տակ են դնում ստատուս-քվոն:
 
Վերջին տարիներին Հայաստանի կողմից բանակցությունների, որը նախատեսում էր ստատուս-քվոյից ավելի վատ ելք,  շարունակման միակ փաստարկը պատերազմն էր՝ չլինեն բանակցություններ, կլինի պատերազմ: Այդպես էր ասում Հայաստանի ղեկավարությունը, այդ է պնդում ներկայիս ընդդիմության մի մասը, իսկ Ադրբեջանը սպառնալից թափահարելով զենքը, փորձում է «համոզել», որ եթե բանակցություններ չլինեն, կլինի պատերազմ:
 
Ապրիլյան պատերազմից հետո այդ պարադիգմը գրեթե կոտրվել էր. Ադրբեջանի հարձակման փաստը ցույց տվեց, որ բանակցություններն ու զիջումներին համաձայնությունը ոչ մի նշանակություն չեն ունենա, եթե պատերազմի նախադրյալները հասունանան կամ էլ որեւէ մեկը Բաքվին հրահրի թիկունքից:
 
Հիմա, երբ Ադրբեջանը փաստացի հայտարարում է բանակցությունների խափանման մասին (կապ չունի ում մեղքով), Հայաստանը նոր բանաձեւ է առաջարկում՝ կամ կարգավորումը ձեռնտու է բոլորին, կամ էլ կարգավորում չի լինի: Փաստորեն, վակուումը, որը նախկինում լցնում էր պատերազմը, նոր նյութական լիցք է ստանում՝ ստատուս-քվո:
 
Ալիեւը մի օր ստիպված է լինելու խոսել իր ժողովրդի հետ ստատուս-քվոյի ճանաչման հնարավորության, ինչպես նաեւ այն մասին, որ լինում են իրավիճակներ, երբ պետք է ճանաչել իրողությունները: Որովհետեւ Հայաստանն այլեւս չի քննարկի առաջարկները, որոնք ստատուս-քվոյից ավելի վատն են: Եվ միայն Հայաստանը չէ, այլ նաեւ համանախագահները, որոնք առաջարկում են սահմանին մոնիտորինգի միջազգային մեխանիզմներ ներդնել:
 
Ալիեւն իր պարտականությունները պատվիրակել է Թուրքիային, որը վերջերս իրեն Արցախյան հակամարտության կողմ է հայտարարել: Հնարավոր է, Ալիեւն այդ պատճառով է ասում, որ բանակցություններ չկան՝ ինչ իմաստ կա բանակցելու Ադրբեջանի հետ: Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, մեկնաբանելով Ալիեւի հայտարարությունը, որ բանակցություններ չկան, նշել է, որ եթե նա չի բանակցում, ուրեմն այն գոյություն չունի նրա համար: Արդյո՞ք սա նշանակում է, որ բանակցություններն ընթանալու են արդեն այլ մակարդակում, իսկ եթե բանակցություններ չկան, պատերազմ չկա, արդյոք ստատուս-քվոն լռելյայն ճանաչվում է:
 
Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ասել է. «Այս ուղղությամբ որպես առաջին քայլ ենք դիտարկում կրակի դադարեցման ռեժիմի վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրումը։ Արցախի Հանրապետությունը, որպես հրադադարի պահպանման գործընթացում սեփական ներդրում, պատրաստ է միջազգային դիտորդներին տրամադրել տեսադիտարկման այն համակարգերի տվյալները, որոնք տեղադրված են Ադրբեջանի հետ սահմանին»։ Նա նշել է նաեւ, որ մադրիդյան սկզբունքներն այլեւս չեն քննարկվում:
 
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ավելի հեռուն է գնացել եւ ասել, որ հակամարտությունը կարող է լուծվել միայն մեծ աշխարհքաղաքական իրադարձությունների արդյունքում: Հավանաբար, ոչ Ալիեւի մակարդակով: Այդ մակարդակը մենք արդեն անցել ենք, ստատուս-քվոն լռելյայն ճանաչվել է, պետք է բարձրանալ վեր:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play