Մանկատան երեխաների նկատմամբ բռնություն կիրառելու գործով մեղադրանք է առաջադրվել 3 աշխատակցուհու


Մանկատան երեխաների նկատմամբ բռնություն կիրառելու գործով մեղադրանք է առաջադրվել 3 աշխատակցուհու

  • 23-09-2020 13:34:30   | Հայաստան  |  Իրավունք

 ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է «Մանկան տուն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից նշված հաստատության սաների նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: 
 
«Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՊՈԱԿ-ի աշխատակցուհիները պարբերաբար դաժան վերաբերմունք են ցուցաբերել, այն է՝ ծեծի են ենթարկել և ցավ պատճառել մի խումբ անչափահաս երեխաների:
 
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով մեղադրանք է առաջադրվել ՊՈԱԿ-ի աշխատակցուհիներից երեքին: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
 
Նախաքննությունը շարունակվում է:
 
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
 ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Նոյյան տապան  -   Իրավունք