Էրդողանը զանգահարել է Ալիեւին. հայ-թուրքական նոր սահման


Էրդողանը զանգահարել է Ալիեւին. հայ-թուրքական նոր սահման

  • 23-09-2020 15:00:35   | Հայաստան  |  Վերլուծություն

Ադրբեջանական մամուլը տեղեկություն է տարածել, որ Էրդողանը զանգահարել է Ալիեւին եւ աջակցություն հայտնել՝ ցավակցելով Թովուզի ուղղությամբ զինվորի կորստի համար: Ադրբեջանական կողմը ավելի վաղ հայտարարել էր զինվորի կորստի մասին: Դրանից առաջ Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկություն տարածեց, որ ադրբեջանական ուժերը Տավուշի սահմանին դիմում են լարվածության տանող քայլերի, որոնք կստանան համարժեք պատասխան:
 
Եթե Էրդողանը զանգահարել է Ալիեւին, կնշանակի, որ կատարվածը գնահատվում է լուրջ: Տավուշի սահմանը այլեւս դե ֆակտո հայ-թուրքական սահման է, հաշվի առնելով այն, որ Թուրքիան ամբողջությամբ կլանել է Ադրբեջանը: Այդ տեսանկյունից, Էրդողանը զանգահարել է Ալիեւին՝ որպես նահանգապետ, պարզելու համար, թե ինչ վիճակ է սահմանին: Առերեւույթ դա թվում է չափազանցված գնահատական, իրական քաղաքականության ռեժիմում սակայն դա այդպես է եւ Անկարան ավելի ու ավելի ինտենսիվ է ընդգծում, որ չկա քաղաքականության սուբյեկտ Ադրբեջան:
 
Այստեղ է թերեւս վերջին օրերին ադրբեջանական քարոզչամեքենայի ձեւաչափով ինտենսիվ մարտավարության շարժառիթը, որով փորձ է արվում Հայաստանը ներկայացնել իբրեւ բանակցություն տապալող եւ ռազմատենչ պետություն, համատեքստում կիրառելով նաեւ ռազմական շանտաժի տարրեր: Այդ ինտենսիվ քարոզչության նպատակը թերեւս այն է, որ Տավուշի սահմանը հետտավուշյան մարտերի իրավիճակում ստացած իր հայ-թուրքական քաղաքական նշանակությունից, վերածվի դե ֆակտո ռուս-թուրքական սահմանի:
 
Խոշոր հաշվով, ադրբեջանական քարոզչության ձեւաչափով ծավալվող ինտենսիվ այդ մարտավարությունը շանտաժ է Ռուսաստանի հասցեին, որի նպատակը Հայաստանի հանդեպ Մոսկվայի նույնքան ռազմա-քաղաքական էքսպանսիա սադրելն է, որքան դրսեւորեց Անկարան Բաքվի հանդեպ: Հակառակ պարագայում խախտվում է Կովկասում Ռուսաստանի եւ Թուրքիայի քաղաքականության ներդաշնակությունը: Իսկ դա լայն խնդիր է Անկարայի համար, մի շարք առումներով:
 
Անկարայի համար փակուղի է Հայաստանի հետ դե ֆակտո դեմ դիմաց կամ առերեսված մնալը: Թուրքիան ունի ռազմական ու տնտեսական հզորություն, բայց Հայաստանի դեմ այն գործադրելու հարցում Էրդողանի առաջ ներկայումս կան մի շարք սահմանափակող եւ զսպող հանգամանքներ, որոնց թվում է իհարկե նաեւ Ռուսաստանը:
 
Այդ իրավիճակում Ռուսաստանը ստանում է առավելության հեռանկար, եթե չի խանգարում Հայաստանին խաղալ մեծ տարածությամբ: Եվ հակառակը՝ Հայաստանի խաղի տարածությունը սահմանափակելու եւ Հայաստանի հաշվին ռուսական խաղի տարածություն բացելու դեպքում Մոսկվան ռեգիոնալ քաղաքականության առումով վերստին հայտնվելու է թուրքական խնամակալության կարիքի ներքո:
 
Տավուշյան հայկական հաղթանակից հետո Մոսկվան ռեգիոնալ առումով առավելություն է ստացել Անկարայի հանդեպ: Առայժմ, այդ թվում հայ-ռուսական ռազմա-քաղաքական եւ ռազմա-տեխնիկական գործակցության աստիճանից դատելով, Մոսկվան համարժեք է գնահատում այդ իրավիճակն ու պահում այն: Միաժամանակ ակնհայտ է, որ Թուրքիան գործի է դրել ռուսական դաշտում իր ազդեցության գործակալներին՝ Հայաստանի հանդեպ էքսպանսիոն քաղաքականության ալիք առաջացնելու համար: Այդ շրջանակներն էլ իրենց հերթին փորձում են Հայաստանում գործի դնել իրենց ռեսուրսը:
 
Ի դեպ, այդ ֆոնին հատկանշական է Հայաստանում «ռուսական ազդեցության գործակալների» մասին «դոսյեի» հրապարակումը, որը խորքային առումով կարող է լինել ռուսական էքսպանսիոն ալիքի շահառու շրջանակներին կանխարգելելու հավելյալ ռեսուրս:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն