Բացահայտվել է կանխամտածված սնանկության դեպք՝ զուգորդված պետությանը պատճառած շուրջ 200 մլն դրամի չափի վնասով

Կոմիտեն հորդորում է քաղաքացիներին զերծ մնալ անօրինական եղանակով ՀՀ տարածք ապրանքներ ներմուծելուց

23-09-2020 18:26:20   | Հայաստան  |  Իրավունք



 
 
ՊԵԿ քննչական վարչությունում «Գև Գար» և «Էրեմ» ՍՊ ընկերությունների վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրի 193-րդ և 205-րդ հոդվածի 2-դր մասով քննվող քրեական գործով կատարված  նախաքննությամբ պարզվել է, որ քաղաքացի  Է. Ս-ն  շահույթ ստանալու նպատակով այդ ընկերությունների անվամբ 2019-2020 թվականների ընթացքում կազմակերպել ու ղեկավարել է ԵԱՏՄ երկրներից, մասնավորապես Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն շուրջ 950 մլն ՀՀ դրամ արժողությամբ հացահատիկային մշակաբույսերի ու սերմերի ներմուծման և իրացման ձեռնարկատիրական գործունեություն
ը: 
 
Այսպես, նշված ապրանքների ներմուծման և մեծածախ իրացման արդյունքում, նա նույն
ժամանակահատվածում ամբողջությամբ ստացել է հատուցման ենթակա համարժեք գումարները և ունենալով բավարար ֆինանսական հնարավորություն, պետության հանդեպ առաջացրած պարտավորությունները չկատարելու դիտավորությամբ,  ձեռնարկատիրական գործունեության մասով չի վճարել շուրջ 200 մլն ՀՀ դրամի չափով հարկերը,  ձեռնարկատիրական գործունեությունից ստացված ակտիվները տնօրինել է իր հայեցողությամբ և կանխամտածված ստեղծել անվճարունակության հատկանիշներ՝ պետությանը պատճառելով  խոշոր չափի վնաս:
 
ՊԵԿ քննչական վարչության և Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության համատեղ իրականացված քննչական և օպերատիվ գործողությունների արդյունքում հայտնաբերվել ու ձերբակալվել է հանցավոր արարքների կատարման մեջ կասկածվող քաղաքացի  Է. Ս-ն: Միաժամանակ, քրեական գործով  տարբեր հասցեներում կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են քրեական գործի համար կարևոր ապացուցողական նշանակություն ունեցող իրեր ու փաստաթղթեր:
 
Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է ՀՀ քաղաքացիներին զերծ մնալ անօրինական եղանակով, այդ թվում, հարկեր չվճարելու դիտավորությամբ ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու կամ կանխամտածված անվճարունակության հատկանիշներ ստեղծելու դիտավորությամբ կամ հանցավոր գործունեություն իրականացնող անձանց կողմից կազմված խմբերում ընդգրկվելու եղանակով  ՀՀ տարածք ապրանքներ ներմուծելուց:
 
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 248 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար