Եվրամիությունը 30 մլն եվրո կտրամադրի Հայաստանին Covid-19 համավարակին դիմակայման համար


Եվրամիությունը 30 մլն եվրո կտրամադրի Հայաստանին Covid-19 համավարակին դիմակայման համար

  • 24-09-2020 12:18:29   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Covid-19 համավարակին դիմակայման Հայաստանի պայմանագիր» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը։ Սա ֆինանսավորման համաձայնագիր է՝ 30 մլն եվրո ընդհանուր արժողությամբ, որը տրամադրվելու է ազգային գանձապետարանին՝ ուղղակի բյուջետային չթիրախավորված աջակցության տեսքով։ Ծրագիրը նախատեսված է աջակցելու Հայաստանի՝ COVID-19-ի բռնկմանն ուղղված արձագանքին և մեղմելու առողջապահական, սոցիալ-տնտեսական ոլորտներում համավարակի բացասական հետևանքները:
 
Բյուջետային աջակցության 24 մլն եվրոն տրամադրվելու է միանվագ մասհանման տեսքով՝ առանց որևէ նախապայմանի՝ կառավարության կողմից COVID-19-ի արձագանքման միջնաժամկետ սոցիալ-տնտեսական վերականգնման ծրագրի մշակման և իրականացման գործընթացում առաջընթացի ընդհանուր նախապայմանի բավարարման արդյունքում: Մնացած 6 մլն եվրո աջակցությունը տրամադրվելու է  համաձայնագրի նախագծի հատուկ նախապայմաններում ներկայացված COVID-19-ի ճգնաժամի գնահատման և արձագանքի  արդյունքների ապահովման արդյունքում:
 
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ սա բացառիկ ծրագիր է, ուղղված է աջակցելու COVID-19 համավարակին դիմակայելու նպատակով իրականացվող կառավարության հակաճգնաժամային միջոցառումներին։ «Մասնավորապես, համաձայնագրով նախատեսված է մշակել ու իրականացնել COVID-19-ի հետևանքների չեզոքացման միջնաժամկետ սոցիալ-տնտեսական վերականգնման ծրագիր, որի աշխատանքներն արդեն մենք սկսել ենք։ Բայց սա վերաբերելու է 6 մլն դրամին, 24 մլն-ին չի վերաբերելու։ Եվ կարծում եմ՝ մոտ ժամանակահատվածում այս միջոցները կփոխանցվեն պետական բյուջե։ Ես ուզում եմ շեշտել, որ սա COVID-19-ի հետևանքների չեզոքացման ծրագրերից մեկն է, մենք մեր Եվրամիության գործընկերների հետ հիմա քննարկում ենք ևս 2 ծրագիր, որոնց վերաբերյալ վերջնական պայմանավորվածությունները կներկայացնենք կառավարությանը»,- նշեց Մհեր Գրիգորյանը։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն