Ազգային ինքնությունը մեզ համար կարևորագույն ուղենիշ է և պետք է փոխանցվի կրթության միջոցով. Արայիկ Հարությունյան

24-09-2020 15:38:20   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի աշխատակիցներին է ներկայացրել նորընտիր տնօրեն Լուսինե Թորոյանին: Նախարարը շնորհավորել է ներկաներին՝ նշելով, որ տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթը բավականին բարդ էր այն առումով, որ առնվազն երկու թեկնածու հավասարազոր մրցակիցներ և արժանի հավակնորդներ էին:
«Նախարարությունը և անձամբ ես որոշեցինք հնարավորություն տալ տիկին Թորոյանին՝ առաջիկա տարիներին իր առաջարկած ծրագրերն իրականացնել մեզ համար կարևոր մշակութային հաստատությունում: Վստահ եմ, որ նախարարության և մրցույթին մասնակցած մեր գործընկերների աջակցությամբ տիկին Թորոյանը կյանքի կկոչի իր առաջարկած հետաքրքիր գաղափարները»,- նշել է Ա.Հարությունյանը:
 
Նախարարը նշել է, որ թանգարանի նմուշները պետք է հավուր պատշաճի ներկայացվեն հանրությանը: «Թանգարանում ունենք ժողովրդական արվեստի
գանձեր, որոնք հասանելի չեն մեր հանրությանը: Այդ ամենի հանրահռչակումն է, որ բարձրացնում է ազգային գիտակցությունը, և դա պետք է արվի նաև 21-րդ դարին բնորոշ տեխնոլոգիական գործիքներով: Դպրոցական աբոնեմենտային ծրագրով պետք է ներգրավել աշակերտներին, քանի որ Հայաստանի վերափոխման` մինչև 2050 թվականի ռազմավարության գործողությունները հաջորդ տասնամյակներում հենց նրանք են իրականացնելու: Ռազմավարությունում ազգայինն անցնում է կարմիր թելով, ինքնությունը մեզ համար կարևորագույն ուղենիշ է և պետք է փոխանցվի կրթության միջոցով: Որևէ մշակութային հաստատություն ես այլևս չեմ պատկերացնում առանց կրթության: Նախարարությունների միավորումը հենց այդ նպատակն էր հետապնդում, որովհետև մենք չենք պատկերացնում մշակույթն առանց կրթության և կրթությունը՝ առանց մշակույթի»,-նշել է նախարարը:
 
Ա. Հարությունյանը նաև շնորհակալություն է հայտնել թանգարանի արդեն նախկին տնօրեն Հովիկ Հովեյանին վերջին տարիներին իրականացրած աշխատանքի համար. «Վստահ եմ` այն լավագույն ավանդույթները, որ եղել են թանգարանում և նաև Ձեր կառավարման տարիներին ներդրվել են, կշարունակվեն և լավ հիմք կհանդիսանան այս հաստատության հետագա զարգացման համար: Ցանկանում եմ նաև շնորհավորել թանգարանի աշխատակիցներին և վստահություն հայտնել, որ նրանք կաջակցեն նոր տնօրենին՝ իր հավակնոտ ծրագրերի իրականացման գործում, քանի որ դրանք կարող են իրագործվել միայն, եթե կա անձնակազմի աջակցությունը և ըմբռնումը»,-ասել
նախարարը:
 
Հովիկ Հովեյանն իր հերթին հաջողություն է մաղթել նորընտիր տնօրենին՝ վստահություն հայտնելով, որ նա կշարունակի հետաքրքիր և ինքնատիպ հաստատություն հանդիսացող թանգարանում ձևավորված լավագույն ավանդույթները: Նորընտիր տնօրեն Լուսինե Թորոյանի խոսքերով, թանգարանն ունի հսկայական ռեսուրս, որն օգտագործելով՝ կարելի է մեր մշակութային արժեքները հանրահռչակել ամբողջ աշխարհում: «Հուսով եմ, որ թանգարանի յուրաքանչյուր աշխատակից կդառնա մեր ընդհանուր նպատակների և գաղափարների կրողը և կունենա ընդհանուր երազանք»,-եզրափակել է Լ. Թորոյանը:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 145 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար