Պուտինն ակնարկում է հեռանալու պայմանը

24-09-2020 18:48:59   | Հայաստան  |  Վերլուծություն



Ռուս գրող Սերգեյ Կոմկովը ՌԴ նախագահ Պուտի
նի թեկնածությունը ներկայացրել է Խաղաղության Նոբելյան մրցանակի
: Նոբելյան կոմիտեն ստացել է հայտը: Գրողը դեռեւս չի մանրամասնել, թե ինչով է հիմնավորում ՌԴ նախագահ Պուտինի թեկնածությունը, բայց հայտն ինքնին արդեն իսկ ուշագրավ է՝ անկախ հիմնավորումից:
 
Կասկած չկա, որ Կոմկովի նախաձեռնությունը առնվազն համաձայնեցված է Կրեմլի հետ: Իսկ Պուտինի ինչի՞ն է պետք Խաղաղության Նոբելյան մրցանակի ներկայացվելը: Եթե դա զուտ փառասիրություն է, ապա հազիվ թե ՌԴ նախագահը թույլ տար այդպիսի միամիտ դրսեւորում, նկատի ունենալով այն, որ բավական դժվար է իրատեսական գնահատել մրցանակ ստանալու Պուտինի շանսը: Հետեւաբար, կամ Պուտինը նախապես հոգացել է դրա իրատեսականության մասին՝ ինչ-ինչ ճանապարհներով, կամ գրողի միջոցով Նոբելյան Խաղաղության մրցանակի թեկնածության հայտը յուրօրինակ առաջարկ է Արեւմուտքին:
 
Այդ առաջարկը «հանկարծ» արվել է գրողի միջոցով, ինչպես օրինակ նախկին տեզերագնաց տիկնոջ միջոցով «հանկարծ» արվեց ՌԴ Սահմանադրության փոփոխության փաթեթի մեջ Պուտինի ժամկետը զրոյացնելու դրույթի ներառման առաջարկը, վերջին օրը, երբ Դուման ընդունում էր փաթեթը:
 
Այժմ, երբ Արեւմուտքի հետ Ռուսաստանի դիմակայությունը մտել է նոր, եւ թերեւս որակապես այլ շրջափուլ, ինչը պայմանավորված է նաեւ աշխարհակարգի վերափոխման աշխույժ փուլի ազդեցությամբ, «հանկարծ» ներկայացվում է Պուտինին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու հայտ:
 
Դա էլ իր հերթին տեղի է ունենում Ռուսաստանում իշխանության խնդրի հասունացման փուլում, երբ պետք է աստիճանաբար ստացվեն կարեւոր հարցերի պատասխաններ՝ Պուտինն օգտագործու՞մ է զրոյացման միջոցով ստացված գործիքը, թե՞ այդուհանդերձ կայացվում են այլ որոշումներ, մնու՞մ է՝ անընդհատ իջնող վարկանիշի պայմաններում, տնտեսական ու աշխարհքաղաքական բարդացող մարտահրավերների պայմաններում, թե՞ գնում, ինչպե՞ս է ապահովվում նրա անձնական անվտանգությունը նախագահի պաշտոնը թողնելու պարագայում:
 
Հարցերը շատ են եւ ակնառու է, որ բացի Արեւմուտքի հետ աշխարհքաղաքական եւ աշխարհտնտեսական դիմակայությունից, Պուտինի համար կարեւոր գիծ է նաեւ «այլընտրանքային» տարբերակների դիտարկումը եւ ըստ այդմ ընդհուպ հեռանալու հարցի օրակարգայնությունը՝ անվտանգության երաշխիքների առումով: Իսկ երաշխիքներ կարող են լինել միայն Արեւմուտքից, որովհետեւ մեծ հաշվով իր կենսական խնդիրները Մոսկվան ներկայում ի վիճակի չէ լուծել առանց արեւմտյան աջակցության:
 
Այդ իմաստով, Պուտինը «հանկարծ» օրակարգ է բերում նոր առաջարկ՝ պատրաստ է հեռանալ, եթե ստանա Խաղաղության Նոբելյան մրցանակ ու երաշխիքներ: Մրցանակակիրները հայտնի են դառնալու 2021 թվականի սեպտեմբերի 10-ին: ՌԴ նախագահը թերեւս օրակարգ է բերում առաջիկա տարվա համար քննարկումների նոր առարկա: Կընդունի՞ Արեւմուտքը, թե ոչ: Ի վերջո ինչ երաշխիք է տալու ինքը Պուտինը, որ կհեռանա մրցանակը ստանալուց հետո:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

 

Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 1012 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար