ՊՎԾ-ն հայտնում է «Զինառ» ՓԲԸ-ում շուրջ 160 միլիոն դրամի խախտումներ արձանագրելու մասին

25-09-2020 10:22:17   | Հայաստան  |  Իրավունք



ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ամփոփել է ուսումնասիրությունը «Զինառ» ՓԲԸ-ում:
 
 ՊՎԾ-ից հայտնում են, որ 2017-2019թթ-ի գործունեության ուսումնասիրության արդյունքում արձանագրվել են շուրջ 160 միլիոն դրամի խախտումներ:
 
Ընկերությունը ստեղծվել է ՀՀ կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի «Զինառ» փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու մասին» N 908 որոշման համաձայն: Ընկերության բոլոր բաժնետոմսերը սեփականության իրավունքով պատկանում են Հայաստանի Հանրապետությանը: Հիմնադրի լիազորությունները վերապահված են Պաշտպանության նախարարությանը:
 
Ընկերության ստեղծման նպատակն է տնտեսական գործունեություն (այդ թվում՝ մեծածախ և մանրածախ առևտուր, կենցաղային սպասարկման ծառայություններ, զինվորական համակարգի ստորաբաժանումներում և տեղամասերում) իրականացնելու ճանապարհով շահույթի ստացումը։
 
Խախտումները մասնավորապես վերաբերվել են՝
 
Ընկերության կողմից խանութ-թեյարանների գծով իրականացված գործունեության ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է շուրջ 82 մլն դրամի խախտումներ, մասնավորպես, խանութ-թեյարանների վարձավճարների հաշվարկման կարգի խախտմամբ պայմանագրային գների հաշվարկման արդյունքում Ընկերության հասույթը պակաս է ձևավորվել, առանց պայմանագրերի, կամ առանց որևէ իրավական հիմքերի գործել են խանութ-թեյարաններ, կնքված պայմանագրերով սահմանված
չափից վարձավճարները պակաս են հաշվարկվել և գանձվել։
Ընկերությանը պատկանող արտադրակենցաղային կոմբինատի աշխատակիցներին վճարվել է շուրջ 7.7 մլն դրամ աշխատավարձ այն պարագայում, երբ նույն ժամականահատվածում արտադրական գործունեություն չի իրականացվել և տվյալ տարածքում արտադրական գործունեություն է իրականացրել մեկ այլ ընկերություն։ Ավելին, կոմունալ ծառայությունների համար շուրջ 1.2 մլն դրամ «Զինառ» ՓԲԸ-ն վճարել է գործունեություն իրականացրած կազմակերպության փոխարեն։
 
2017-2018 թվականների ընթացքում որպես փաստացի ծախս ավել է արտացոլվել, կամ շահույթը պակաս է հաշվարկվել շուրջ 50 մլն դրամով, որից զուտ շահույթը պակաս է հաշվարկվել և ՀՀ ՊՆ արտաբյուջե պակաս է վճարվել շուրջ 32 մլն դրամ, իսկ ՀՀ պետական բյուջե պակաս շահութահարկ է վճարվել շուրջ 8 մլն դրամ:
 
2017-2018 թվականների ընթացքում Ընկերության դրամարկղից կանխիկ ելքագրված և առհաշիվ տրված գումարներից շուրջ 12 մլն դրամի իրականացված ծախսերը չեն հիմնավորվել՝ բացակայել են ծախսերը հիմնավորող փաստաթղթերը,
- Հաստիքացուցակում ներառվել է լիազոր ներկայացուցչի հաստիք, որը հակասում է «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի տրամաբանությանը, իսկ լիազոր ներկայացուցչին վճարված շուրջ 4.5 մլն դրամի աշխատավարձը չի հիմնավորվել։
 
Կանոնակարգված չէ զորամասերում ինչպես սուրճի վենդինգային ապարատների տեղադրման, այնպես էլ խանութ-թեյարանների շահագործման գործընթացը: Չի հիմնավորվել Ընկերության կողմից սուրճի վենդինգային ապարատների տեղադրման համար տարածքների հատկացումը: 2019թ-ին թվով 10 զորամասերում գործել են թվով 15 սուրճի վենդինգային ապարատներ առանց պայմանագրերի կամ որևէ իրավական հիմքերի, որի արդյունքում Ընկերության հասույթը պակաս է ձևավորվել։
 
Չի պահպանվել «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջները և նման պայմաններում 2017-2019 թվականների ընթացքում Ընկերության կողմից ձեռք
է բերվել շուրջ 91 մլն դրամի ապրանքներ, աշխատանքներ և ծառայություններ։
 
Համադրելով ստացված արդյունքը և ծախսված միջոցները՝ արդյունավետության վերահսկողության տեսանկյունից առաջարկվել է դադարեցնել Զինառ ՓԲԸ-ի հետագա գործունեությունը՝ նույն գործառույթները վերապահելով ՊՆ համապատասխան ստորաբաժանումներին:
 
Տեղեկանքի հիման վրա ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված ՀԿԳ քննության նկատմամբ հսկողության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ) նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե։
 
 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 161 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար