Վրաստանի դիմադրության հայկական ճանապարհը. բարդ իրավիճակ


Վրաստանի դիմադրության հայկական ճանապարհը. բարդ իրավիճակ

  • 25-09-2020 13:00:37   | Հայաստան  |  Վերլուծություն

Հայաստանում զգալի ուշադրության է արժանացել Վրաստանի հասցեին Իլհամ Ալիեւի շնորհակալությունը, որ Թբիլիսին թույլ չի տվել իր տարածքով ռուսական սպառազինության տարանցում Երեւան:
 
Այն, որ Ադրբեջանը եւ Թուրքիան պարբերաբար փորձել են Վրաստանը ներքաշել հակահայ քաղաքականության շրջանակ, միանգամայն հայտնի է ու պարզ: Նույնքան պարզ է, որ Թբիլիսին այդ առումով գտնվում է խիստ անհարմար վիճակում: Վրացական վերնախավը թերեւս լավ է պատկերացնում, որ այդ երկիրը Թուրքիայի եւ Ադրբեջանի համար ոչ պակաս ռազմավարական թիրախ է, որքան Հայաստանը: Թբիլիսին նույնիսկ հաջորդն էլ չէ, պարզապես, եթե Հայաստանի պարագայում հավակնությունները ունեն առավելապես ռազմական բնույթ՝ մի շարք պատմա-քաղաքական հանգամանքների բերումով, Վրաստանի դեպքում այդ հավակնություններում գերակշռում է տնտեսա-քաղաքական բաղադրիչը:
 
Թեեւ, վերջին շրջանում այն սկսել է ուղեկցվել ռազմական շանտաժով, թե Թուրքիայից, թե Թուրքիայի ադրբեջանական մասից: Վերջին տարիներին օրինակ բավականին լարված է ադրբեջանա-վրացական սահմանը՝ Դավիթ Գարեջիի վրացական վանական համալիրի առիթով: Ադրբեջանն ուժեղացրել է Վրաստանի հետ սահմանին իր ռազմական ներկայությունը:
 
Մի քանի ամիս առաջ Վրաստանի հատուկ ծառայությունը Բաթումիում ձերբակալել էր Թուրքիայի քաղաքացիների զինված խումբ, որը երկրում էր հայտնվել կորոնավիրուսի վարակի կարանտինային ռեժիմի պայմաններում:
 
Այդ ամենով հանդերձ, Վրաստանը Թուրքիան ու Ադրբեջանը դիտարկում է՝ մի կողմից Ռուսաստանի հակազդման եւ զսպման միջոց, մյուս կողմից նաեւ Հայաստանի՝ մտքում ունենալով Ջավախքի նուրբ հարցը, թեեւ Երեւանն այդ տեսանկյունից չի տվել մտահոգության որեւէ առիթ: Այդուհանդերձ, վրաց վերնախավը ունի մտահոգություն, որ Ջավախքում հայ-վրացական սադրանք կարող են անել այլ երկրների հատուկ ծառայությունները:
 
Պաշտոնական Թբիլիսին այդ իմաստով փորձում է խաղալ Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ, հատկապես Արեւմուտքի «որոշակի անորոշ» ռազմավարական մոտեցման պայմաններում:
 
Ամբողջ հարցն այն է սակայն, թե որքան է հնարավոր լինելու այդ խաղը, հատկապես թուրք-ադրբեջանական համեմատական առավելության պայմաններում, երբ Վրաստանը մի օր պարզապես կարող է կանգնել փաստի առաջ, երբ երկրի տարածքում ավելի ազդեցիկ են թուրքական, քան սեփական հատուկ ծառայությունները:
 
Այդ մարտահրավերներին հակազդելու ճանապարհը հայ-վրացական անվտանգային գործակցությունն է, ու թերեւս կան բաց եւ չհանրայնացված բազմաթիվ օրինակներ, որ խոսում են այդ կարեւոր հանգամանքի փոխադարձ գիտակցման մասին: Ալիեւը թող հայտնի շնորհակալությունը, նրան այժմ կենսականորեն անհրաժեշտ է ցույց տալ եւ իմաստավորել սեփական քաղաքական գոյությունը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն