ՀՀ վարչապետի շնորհակալագրերով են խրախուսվել 100-ից ավելի բուժաշխատողներ և պետական կառավարման համակարգի աշխատակիցներ

25-09-2020 13:15:25   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի կանխարգելման և բուժման գործում ցուցաբերած նվիրումի և բարեխիղճ աշխատանքի համար ՀՀ վարչապետի շնորհակալագրերով են պարգևատրվել «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի և այլ բժշկական հաստատությունների ավելի քան 100 բուժաշխատողներ:
 
ՀՀ անկախության 29-ամյակի առթիվ՝ աշխատանքային գործունեության ընթացքում ներդրած ավանդի, կատարած բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի, նոր կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակի դեմ պայքարի գործում ցուցաբերած բարձր պատասխանատվության և նվիրումի համար ՀՀ վարչապետի շնորհակալագրերով են խրախուսել նաև պետական կառավարման
համակարգի մի շարք աշխատակիցներ:
 
Շնորհակալագրերը հանձնել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: Իր խոսքում վարչապետի աշխատակազմի ղեկավարը
նշել է.
 
«Նախ՝ թույլ տվեք շնորհավորել բոլորիս Անկախության տոնի կապակցությամբ: Սեպտեմբերի 21-ը, թերևս, Հայաստանի Հանրապետության ամենակարևոր տոներից մեկն է, եթե ոչ ամենակարևորը: Կարծում եմ՝ հենց այդ տոնի շրջանակում լավագույն առիթն է նշելու և առանձնակի ուշադրության արժանացնելու մեր այն քաղաքացիներին, ովքեր առանձնահատուկ և կարևոր դերակատարություն են ունեցել և շարունակում են ունենալ մեր հանրային կյանքում»:
 
Էդուարդ Աղաջանյանի խոսքով՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ ինչպես Հայաստանը, այնպես էլ ամբողջ աշխարհն անցնում է բավականին դժվար մարտահրավերների միջով:
 
«Պետք արձանագրենք՝ չնայած կորոնավիրուսի համավարակն ավարտված չէ, այնուամենայնիվ, մեր կառավարությունը՝ ձեր անմիջական մասնակցությամբ և շնորհիվ կարողացել է և կարողանում է համաչափ միջոցներ ձեռնարկել և դիմակայել այս ճգնաժամին»,-ասել է Էդուարդ Աղաջանյանը:
 
Վարչապետի աշխատակազմի ղեկավարը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել ներկաներին՝ իրենց կատարած անձնվեր աշխատանքի համար և վստահություն հայտնել, որ այն կրելու է շարունակական բնույթ:
 
«Ցավոք, համավարակը չենք կարող համարել ավարտված և հաղթահարված, ուստի բոլորիս մաղթում եմ անսպառ ուժ ու եռանդ հետագա աշխատանքների իրականացման ճանապարհին»,-ասել է Էդուարդ Աղաջանյանը:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 140 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար