Ալիեւն ուզում է Արցախը միացնել Հայաստանի՞ն. Փլուզվում է հակահայկական գործարքի միջավայրը

25-09-2020 17:28:39   | Հայաստան  |  Վերլուծություն



Իլհամ Ալիեւը ուզում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, որովհետեւ հասկացել է, որ նրա հետ հնարավոր չէ բանակցել եւ պայմանավորվել որեւէ բան, այդ իսկ պատճառով էլ սպառնում է պատերազմով: Հայաստանյան մեդիա-փորձագիտական դաշտում արդեն տեւական ժամանակ է հայտնվում են այդօրինակ տրամաբանությամբ մեկնաբանություններ, որոնք
հատուկ կլինեին Հայաստանում Ադրբեջանի արտակարգ եւ լիազոր դեսպանի, եթե լիներ այդպիսին:
 
Բայց Բաքուն թերեւս չունի Հայաստանում այդպիսի դեսպանի անհրաժեշտություն, քանի որ Հայաստանում կան շրջանակներ, որոնք կարող են կամովին ստանձնել Ադրբեջանի «արտակարգ եւ լիազոր դեսպանի» գործառույթ եւ Հայաստանում լինել ադրբեջանական քաղաքականության տեղեկատվական հովանավոր ու սպասավոր:
 
Իրավիճակը բարոյահոգեբանական շերտերից անդին, ինչն իհարկե յուրաքանչյուր մարդու անձնական գործն է, ունի նաեւ տրամաբանական հետաքրքիր ելեւէջներ: Բանն այն է, որ այդ շրջանակները, որոնք ներկայում խոսում են, թե Նիկոլ Փաշինյանն Ալիեւի համար հարմար բանակցող չէ եւ նրա հետ հնարավոր չէ պայմանավորվել, թավշյա հեղափոխությունից հետո պարբերաբար ահազանգում էին, թե Փաշինյանը «հող հանձնող» է:
 
Փաշինյանի պատասխանը բավականին ճշգրիտ էր եւ դիպուկ՝ չկա Հայաստանի ղեկավարը, որն իրապես պատրաստ է հող հանձնել, թեեւ եղել են ղեկավարներ, որոնք բանակցել են դրա շուրջ: Բայց, բանակցել են իհարկե ակնկալիքով, որ ինչ որ բան այդուհանդերձ խանգարելու է, որպեսզի իրավիճակը հասնի համաձայնության: Թվում է, որ եղել է բավականին անվրեպ հաշվարկ եւ հմուտ մարտավարություն, որից գոհ են եղել բոլորը:
 
Բայց հանկարծ պարզվեց, որ այդ տրամաբանությամբ բանակցությունը ստեղծել է մի վիճակ, երբ Ադրբեջանն օրինակ տարեցտարի մեծացնում էր սահմանին հրադադարի խախտումները, մասշտաբը եւ ինտենսիվությունը: Փաստացի, Ադրբեջանը Հայաստանի ու Արցախի դեմ պատերազմ է սկսել 2014 թվականից եւ այն գագաթնակետին հասցրել 2016-ի ապրիլին: Դա այն բանակցության հետեւանքն է, որ ավելի քան երկու տասնամյակ վարել է Երեւանը Բաքվի հետ, որի շնորհիվ Ադրբեջանը առնվազն կուտակել է «պատերազմի իրավունքի» անհրաժեշտ պաշար:
 
Այլ հարց է, որ հայկական բանակը 2014-16 թվականներին տապալեց Բաքվի ռազմական դիվանագիտությունը: Բայց դա արեց հայկական բանակը, ոչ թե մինչ այդ Ալիեւի կամ Ալիեւների հետ «հարմար բանակցողները եւ պայմանավորվելու ունակ նախագահները»:
 
Ի վերջո, առաջանում է հարց՝ այդ ի՞նչ է ուզում բանակցել ու պայմանավորվել Ալիեւը, որ չի ստացվում Նիկոլ Փաշինյանի հետ: Չլինի՞ Ալիեւը ուզում է Արցախը հանձնել Հայաստանին, իսկ Փաշինյանը համաձայն չէ, ու չի ստացվում պայմանավորվել:
 
Իրավիճակը զավեշտալի կլիներ, եթե խոսքը չվերաբերեր հայկական պետականության համար կենսական նշանակության խնդրին, ինչպես նաեւ պետական անվտանգությանն ու հանրային բորայականությանը սպառնացող երեւույթներին:
 
Խորքային առումով, իհարկե, հարցը բոլորովին Ալիեւի կամ նրա հետ բանակցողների դաշտում չէ: Դա մանր կամ փոքր տիրույթն է: Խորքային հարցն այն է, որ փոխելով գործընթացի տրամաբանությունը եւ դնելով հայկական իրավունքների հարց, Երեւանը գործնականում փոխում է իրավիճակի տրամաբանությունը Ռուսաստանի համար, առերեսելով այն հայկական շահի ու անվտանգության հետ, որեւէ կերպ կասկածի տակ չդնելով Հայաստանի դաշնակցային բարեխղճությունն ու պատրաստակամությունը:
 
Ռուսաստանն այժմ մեծ տրանսֆորմացիայի փուլում է, որի ջրի տակ եղած մասը անհամեմատ ավելին է, քան կարող է նշմարվել ջրի մակերեսին:
Այդ տրանսֆորմացիան տագնապով են ընդունում այն խմբերը, որոնք ներգրավված են եղել կովկասյան քաղաքականության ուղղությամբ եւ այդ կարգավիճակում իրականացրել են խիստ շահեկան ֆինանսա-քաղաքական գործարքներ թե Հայաստանի նախկին քրեաօլիգարխիկ համակարգի, թե Ադրբեջանի խանության, թե Թուրքիայի սուլթանության հետ:
 
Այժմ ոչ թե խաղաղ գործընթացն է հայտնվել պատերազմի աճող սպառնալիքի ներքո, այլ այդ բազմավեկտոր գործարքների շահեկան միջավայրը, եթե փոխվում է տրամաբանությունը: Այստեղ է թերեւս այն ալիքի պատճառը կամ շարժառիթը, որ պատերազմի շանտաժով հորդում է գործարքների մասնակից բոլոր կողմերից:
 
Բանն այն է, որ այդ գործարքային միջավայրի ապամոնտաժումից հետո էլ ավելի է բարդանալու հենց պատերազմի շանտաժի քաղաքականության վերադառնալը: Այդ պատճառով են շտապում:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

 

Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 697 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար