Ֆրանսիայի պատմական քայլը. իսկ այլ ելք մնացե՞լ է

09-10-2020 16:19:08   | Հայաստան  |  Վերլուծություն



Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, որոնք Արցախի Մարտունուց մինչեւ Փարիզ օգնել, փրկել ու ճանապարհել են ֆրանսիացի լրագրողին, որը ծանր վիրավորվել էր Արցախի դեմ Բաքվի միջոցով թուրք-իսրայելական ահաբեկչական պատերազմը, խաղաղ բնակչության թիրախավորումը լուսաբանելիս:
 
«Շնորհակալություն եմ հայտնում նրանց, ով իրենց բոլեր ջանքերը ներդրեցին այս օպերացիայի համար եւ նոր էջ գրեցին Ֆրանսիայի եւ Հայաստանի համերաշխության պատմության մեջ», գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը:
 
Հայ-ֆրանսիական համերաշխությունն իրապես կարեւոր եւ ուժեղ իրողություն է ոչ միայն մարդասիրական, ոչ միայն քաղաքական, այլ քաղաքակրթական իմաստով: Հենց այդ գիտակցումն էր անշուշտ նաեւ, որ Արցախի դեմ ահաբեկչական գրոհից հետո դարձավ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի շատ հստակ եւ բացառիկ դիրքորոշման պատճառը: Ֆրանսիայի նախագահը քաղաքական մակարդակում հստակ արձանագրեց
գրոհի ահաբեկչական բնույթն ու դրանում Թուրքիայի հրամանատարությունը:
 
Ֆրանսիան կխաղա իր դերը, հայերին դիմելով ասել էր Ֆրանսիայի նախագահ Մակրոնը: Այդ դերը թերեւս պետք է լինի արդեն հենց այն նոր էջի շրջանակում, որ հայ-ֆրանսիական համերաշխության իմաստով արձանագրում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը:
 
Իսկ ո՞րը պետք է լինի Ֆրանսիայի այդ դերը: Դա ամենեւին հռետորական հարց չէ եւ Ֆրանսիայի առաջ
կանգնած է որպես սկզբունքային հարց: Ֆրանսիայի այդ համաշխարհային պատմա-քաղաքական, քաղաքակրթական պաշարի համեմատ լոկ նախագահի հայտարարությունները կամ արտգործնախարարության դիվանագիտական մաքոքային ջանքերը՝ իրենց անկասկած մեծ կարեւորությամբ հանդերձ, բավականին քիչ են ԴԵՐ դիտարկվելու համար:
 
 
Փարիզն այդ իմաստով պատմական շեմի առաջ է, որովհետեւ Արցախին եւ քաղաքակրթությանը Կովկասում նետվածած ահաբեկչական մարտահրավերը հենց դերերի պատերազմ է՝ ռազմական եւ քաղաքական տիրույթում:
 
Ըստ այդմ Ֆրանսիայի առաջ էլ իսկապես հարց է՝ որն է Փարիզի խորքային ԴԵՐ-ն այդ պատերազմում: Դա կարող է լինել Արցախի ճանաչումը, որն անշուշտ կլինի պատմական որոշում ոչ միայն հայ ժողովրդի գոյության եւ իրավունքների պաշտպանության քաղաքական եւ քաղաքակրթական նշանակության համատեքստում: Արցախի ճանաչումը Ֆրանսիայի համար կարող է դառնալ կովկասյան դերերի պատերազմում պատմական որոշում՝ միջազգային անվտանգության համակարգում դերային շրջադարձի կամ բեկման հեռանկարով:
 
Կովկասում ներկայումս վճռվում է աշխարհակարգային ճարտարապետության հարց, եւ այստեղ է, որ ոչ միայն Փարիզի, բայց նաեւ Փարիզի առաջ է հարցադրումը՝ ո՞րը կարող է լինել այդ ճարտարապետության մեջ ֆրանսիական ներդրումը: Աներկբա է, որ այդ առումով Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափը եթե ոչ արդեն, համենայն դեպս տեւական հեռանկարի իմաստով վերածվելու է վիճակագրական ձեւաչափի: Հետեւաբար դրանում ներգրավված ուժային կենտրոնների համար կա խնդիր՝ չվերածվել ռեգիոնալ վիճակագրի, մնալ դերակատար:
 
Մոսկվայի եւ Վաշինգտոնի ռեսուրսներն այստեղ շոշափելի են: Ինչ ռեսուրս ունի Փարիզը վիճակագրի եւ դերակատարի դիլեմայի հարցում՝ Արցախի ժողովրդի ինքնորոշումը ճանաչելուց բացի:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 715 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար