Ստեփանակերտում 10-ից ավելի վիրավոր կա, ներառյալ՝ երեխաներ ու կանայք


Ստեփանակերտում 10-ից ավելի վիրավոր կա, ներառյալ՝ երեխաներ ու կանայք

  • 27-09-2020 14:56:55   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մեկնարկել է սեպտեմբերի 27-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից սկսած լայնածավալ հարձակման հետևանքների վերաբերյալ փաստահավաք առաքելություն:

Թարմացված տվյալներով՝ Ադրբեջանը հրետակոծել և հարվածային ԱԹՍ-ներով հարվածել է բոլոր խոշոր ու բազմաթիվ փոքր բնակավայրերի (ներառյալ՝ Ստեփանակերտ, Ասկերան, Մարտակերտ, Մարտունի, Հադրութ, Շուշի քաղաքները):
 
Նախնականորեն քաղաքացիական բնակչության շրջանում առկա է հաստատված 2 զոհ ու տասնյակ վիրավոր: Միայն Ստեփանակերտում 10-ից ավելի վիրավոր կա, ներառյալ՝ երեխաներ ու կանայք: Պաշտպանի ներկայացուցիչները այցելել են Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնում ապաքինվող մի խումբ վիրավորների:
 
Ի թիվս բազմաթիվ ենթակառուցվածքային վնասների, վնասվել են նաև որոշ դպրոցներ:
 
Հավաքագրված տվյալների վերլուծությունը վկայում է այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերը նպատակային ու հասցեական կերպով թիրախավորել են քաղաքացիական բնակչությանը, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում է: Պաշտպանը կոչ է անում միջազգային հանրությանը համապատասխան գնահատական տալ ադրբեջանական գործողություններին, այն էլ՝ ՔՈՎԻԴ-19 համավարակի պայմաններում, և միջոցներ ձեռք առնել Արցախի Հանրապետության հազարավոր բնակիչների կյանքին ու անվտանգությանը սպառնացող վտանգների չեզոքացման ուղղությամբ:
 
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է փաստահավաք գործունեությունը. տվյալների հստակեցումից հետո հանդես կգանք լրացուցիչ հրապարակումներով:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն