ՀՀ ամբողջ տարածքում արգելվում է հավաքների և գործադուլների կազմակերպումը․ ռազմական դրության սահմանափակումները
27-09-2020 19:11:38 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
ՀՀ ողջ տարածքում հայտարարվում է ընդհանուր զորահավաք, ՀՀ զինված ուժերը, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների լիազոր մարմնի ուժերը փոխադրվում են պատերազմական ժամանակաշրջանի կազմի ու կառուցվածքի։
Կառավարության կայքում հրապարակված որոշման հավելվածով սահմանվում է ռազմական դրության ժամանակ կիրառվող սահմանափակումների շրջանակը։
Ըստ հավելվածի՝ ՀՀ ամբողջ տարածքում արգելվում է հավաքների և գործադուլների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը։
ՀՀ-ում եւ Արցախի Հանրապետությունում տեղի ունեցող մարտական գործողությունների, պատճառված վնասների եւ կորուստների վերաբերյալ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների հրապարակային տարածումը կատարվում է բացառապես պետական մարմինների կողմից տրամադրված պաշտոնական տեղեկատվության հիման վրա՝ ամբողջությամբ, առանց խմբագրումների արտացոլելով պաշտոնական տեղեկատվության բովանդակությունը։
Ռազմական դրություն հայտարարելու մասին որոշումը Կառավարությունը կայացրել է ղեկավարվելով Սահմանադրության 119-րդ հոդվածով և «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքով։
Ռազմական դրություն հայտարարելու որոշումը կայացրել է՝ հաշվի առնելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանի զինված ստորաբաժանումների կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողությունները, այդ թվում՝ հրետանային միջոցների, օդուժի, ներառյալ անօդաչու թռչող սարքերի, զրահատեխնիկայի, կենդանի ուժի և այլ ստորաբաժանումների կիրառումը, որոնց արդյունքում թիրախավորվել են նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը և այնտեղ բնակվող խաղաղ բնակչությունը։
Ըստ որոշման՝ Ադրբեջանի զինված ուժերի ձեռնարկած գործողությունների արդյունքում առկա է Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման անմիջական վտանգ, ինչը սպառնում է մեր երկրի ինքնիշխանությանը, և այդ հանգամանքների վերացումն անհնարին է առանց արտակարգ միջոցներ ձեռնարկելու.
Կառավարության ընդունած որոշումը քննարկվում է իրավունքի ուժով հրավիրված ԱԺ հատուկ նիստում։