Զոնդաժ, թե ծուղակ Ռուսաստանի համար. Կա միայն մեկ ընթացք՝ հայկական հաղթանակը


Զոնդաժ, թե ծուղակ Ռուսաստանի համար. Կա միայն մեկ ընթացք՝ հայկական հաղթանակը

  • 29-09-2020 17:25:57   | Հայաստան  |  Վերլուծություն

Ռուսաստանի կրեմլյան «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը, անդրադառնալով Ադրբեջանի սկսած լայնամասշտաբ պատերազմին, հայտարարել է, թե ՆԱՏՕ անդամ Թուրքիան ակնհայտ նպաստում է կոնֆլիկտի զարգացմանը, ըստ այդմ, երբ պատերազմը դադարի եւ բանակները հետ քաշվեն՝ շփման գծում պետք է տեղակայել ռուս խաղաղապահներ:
 
Խաղաղապահների թեման մշտապես եղել է կարգավորման գործընթացի բովանդակության մեջ, իհարկե անիրատեսական թվացող հեռվում, քանի որ այն ունի բազմաթիվ քաղաքական արգելապատնեշ շերտեր, սկսած կողմերի անհամաձայնությունից, մինչեւ աշխարհքաղաքական կենտրոնների անհամաձայնություն:
 
Բայց, անշուշտ պատահական չէ, որ Թուրքիայի հրահրումով Բաքվի սանձազերծած պատերազմում Միրոնովը մեջբերում է թեման: Հազիվ թե դա լինի նրա նախաձեռնությունը: Արդյոք փորձ է արվում շոշափել կողմերի տրամադրությունը, թե խնդիրն այլ է՝ շոշափել ուժային կենտրոնների տրամադրությունը, այդ թվում Թուրքիայի: Ռեգիոնում ընդհանրապես երրորդ ուժի ներկայությանը միշտ դեմ է արտահայտվել Իրանը: Ռուս խաղաղապահների տեղակայման հանգամանքը բոլորովին չի ոգեւորելու Մինսկի խմբի մյուս երկու համանախագահներին:
 
Այդուհանդերձ Ռուսաստանը որոշել է տրամադրություն շոշափել, ու այդ պատճառով էլ դա անում է Միրոնովի միջոցով, թերեւս սկսած այն հանգամանքից, թե ով լուրջ կընդունի նրան, հետո իհարկե նրա շոշափած հեռանկարը եւ դրա շուրջ հնարավոր խոսակցությունը:
 
Խորքային առումով, անկասած, խաղաղապահները չեն լինելու ռեգիոնալ կայունության երաշխավոր, հաշվի առնելով աշխարհքաղաքական շահերի բազմազանությունը եւ խտությունը կովկասյան ռեգիոնում:
 
Փոխարենը, այդ պարագայում ռուս խաղաղապահները կարող են ծուղակ դառնալ հենց Ռուսաստանի համար, դնելով Ռուսաստանին Կովկասից դուրս մղելու եւ Ռուսաստանը ապամոնտաժելու վերջի սկիզբը: Ահա այդ իմաստով, հարց կարող է առաջանալ նաեւ, թե ինչ շրջանակներում է ծնվել Միրոնովի շրջանառության մեջ դրած միտքը:
 
Ի վերջո, երբ Էրդողանն իր խորհրդականի միջոցով դեռեւս փետրվարին սպառնում էր քանդել Ռուսաստանը ներսից՝ 25 միլիոն մահմեդականի միջոցով, անկասկած այդ հաշվարկը կառուցում էր ոչ միայն զուտ մահմեդականների վրա, եւ նույնիսկ՝ ոչ այնքան մահմեդականների:
 
Ռուսաստանի համար, որպես նշանակալի դերակատար պետություն, Կովկասում ծուղակի շրջանցում երաշխավորված է իրադարձությունների մի ընթացքի պայմաններում՝ հայկական հաղթանակ:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

Նոյյան տապան  -   Վերլուծություն