Վստահ եմ, որ Հայաստանի և Արցախի համար այս ծանր պահին եղբայրական Կիպրոսը կանգնած է մեր կողքին. Արմեն Սարգսյան


Վստահ եմ, որ Հայաստանի և Արցախի համար այս ծանր պահին եղբայրական Կիպրոսը կանգնած է մեր կողքին. Արմեն Սարգսյան

  • 01-10-2020 15:00:31   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսին երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:
 
Նախագահ Սարգսյանն առանձնահատուկ կարևորել է եղբայրական Կիպրոսի հետ դարավոր բարեկամության, պատմամշակութային կապերի և ընդհանուր հոգևոր արժեքների վրա խարսխված սերտ հարաբերությունները, որոնք Հայաստանի հետ համագործակցության խորացման և զարգաց­ման լավագույն հենքն են։
 
«Ինչպես տեղյակ եք, սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ հարձակում ձեռնարկեց Արցախի Հանրապետության դեմ՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը: Ադրբեջանը տասնամյակներ շարունակ փորձում է ռազմական ուժով լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը՝ ոտնահարելով միջազգային և բարոյական բոլոր նորմերը, հրաժարվելով բանակցային սեղանի շուրջ գտնել հակամարտության խաղաղ կարգավորման բանալին: Արցախը և Հայաստանը միահամուռ դիմակայել են ադրբեջանական ղեկավարության այս արկածախնդրային և կործանարար քաղաքականությանը, որի ետևում կանգնած է Թուրքիան, և կշարունակեն արժանի պատասխան տալ թշնամուն: Վստահ եմ, որ Հայաստանի և Արցախի համար այս ծանր պահին եղբայրական Կիպրոսը կանգնած է մեր կողքին»,- ասված է Հանրապետության նախագահի ուղերձում:
 
Նախագահ Արմեն Սարգսյանը Նիկոս Անաստասիադիսին մաղթել է քաջառողջություն և հաջողություն, իսկ Կիպրոսի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և շարունակական առաջընթաց:  
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play