Ի՞նչ է ակնկալել ՌԴ դեսպանը


Ի՞նչ է ակնկալել ՌԴ դեսպանը

  • 01-10-2020 17:35:37   | Հայաստան  |  Վերլուծություն

Հոկտեմբերի 1-ին Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Կոպիրկինին, ինչպես հայտնում է երրորդ նախագահի գրասենյակը: Ըստ հաղորդագրության, հանդիպմանը քննարկվել է Արցախի դեմ պատերազմը: «Դրա հետ կապված՝ նախագահ Սարգսյանը դեսպանին տեղեկացրել է ՀՀԿ-ի կողմից ներքաղաքական օրակարգի սառեցման ու համազգային կոնսոլիդացիայի մասին», ասվում է գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:
 
Սարգսյանը հայտնել է դեսպանին, որ Արցախի ու Հայաստանի դեմ թուրքական աջակցությամբ ադրբեջանական ագրեսիան պետք է կանխվի հնարավոր բոլոր եղանակներով:
 
Հատկանշական է, որ հանդիպումը տեղի է ունեցել դեսպանի նախաձեռնությամբ: Ի՞նչը, ո՞ր «փափուկ ուժն» է դրա հետեւորդ Կոպիրկինին տարել Սերժ Սարգսյանի մոտ, որ նախագահ Սարգսյանն անհրաժեշտ է համարել շեշտել ներքաղաքական օրակարգի սառեցման եւ համազգային կոնսոլիդացիայի մասին:
 
Ուշադրության է արժանի այն, որ Սերժ Սարգսյանը նախկին նախագահներից միակն է, որ պատերազմից ի վեր չի արել որեւէ հայտարարություն: Հայտարարություն է եղել ՀՀԿ գործկոմի մակարդակով: Ի տարբերություն Սարգսյանի, իհարկե համախմբման հայտարարություն է արել նաեւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, միաժամանակ սակայն դրանում թողնելով բազմիմաստ մի տող՝ պատերազմի հանգեցրած պատճառների քննարկման ժամանակը չէ:
 
Երկրորդ նախագահն անշուշտ իրավացի է, մյուս կողմից սակայն հարց է առաջանում՝ արդյոք դա նշանակում է, որ պատերազմից հետո գալու է ժամանակը, եւ պատերազմը դառնալու է ներքաղաքական օրակարգի մաս: Եվ արդյո՞ք Սարգսյանի բավականին հատուկ տեղեկացումը դեսպանին, որ ՀՀԿ-ն սառեցրել է ներքաղաքական օրակարգը, այն մասին չէ, որ Հանրապետականը մտադիր չէ հետագայում խաղարկել պատերազմի հանգամանքը ներքին կյանքում:
 
Խոսել է նաեւ առաջին նախագահը, որը միասնության եւ այլ կոչեր չի արել, այլ հայտարարել է, թե Հայաստանի համար պահի հրամայականը հնարավորինս շուտ պատերազմը դադարեցնելն ու Ռուսաստանի հովանու ներքո բանակցություն սկսելն է: Լեւոն Տեր-Պետրոսյանին Կոպիրկինը հանդիպել էր պատերազմից մի քանի օր առաջ: Ռոբերտ Քոչարյանի հետ ՌԴ դեսպանը հանդիպել էր դեռեւս 2019 թվականին:
 
Այդպիսով, երեք նախագահները ընդունակ չեղան Հայաստանի ու Արցախի դեմ ագրեսիայի պայմաններում միասնական որեւէ ակտի, ինչն իհարկե զարմանալի կամ անսպասելի չէ՝ անակնկալ կլիներ հակառակը, ընդ որում ոչ միայն Հայաստանի հանրության, այլ թերեւս Հայաստանի հակառակորդների համար:
 
Միեւնույն ժամանակ, իրենց առանձին գործողությունների առումով երեք նախագահները փաստորեն գտնվում են տարբեր տիրույթներում՝ առաջինը կոչ է անում հասնել պատերազմի անհապաղ կանգնեցման եւ ՌԴ հովանու ներքո բանակցության, երկրորդը հայտարարում է Արցախ մեկնելու եւ Արցախի նախկին նախագահների հետ լուսանկար է հրապարակում, երրորդ նախագահը լռում է, մինչ նրա հետ հանդիպում է նախաձեռնում ՌԴ դեսպանը եւ ստանում պատասխան, որ ՀՀԿ-ն սառեցրել է ներքաղաքական օրակարգը եւ համազգային կոնսոլիդացիայի դաշտում է:
 
Իհարկե, դժբախտաբար այդ դաշտում չեն ՀՀԿ առանձին անդամներ, բայց Սերժ Սարգսյանի համար դա թերեւս մանր հարց է: Այդ իմաստով, խնդիրների խորությունն ու մասշտաբը նա պատկերացնում է թերեւս առավելագույնս, որովհետեւ անցել է դրա միջով ապրիլյան քառօրյա պատերազմի համատեքստում: Այսօր գործնականում չկա սկզբունքորեն որեւէ մարտահրավեր, որին բախվում է վարչապետ Փաշինյանը եւ որին չի բախվել Սերժ Սարգսյանը: Տարբեր են թերեւս խորությունն ու մասշտաբները:
 
Արդյո՞ք պատերազմի ներքաղաքական օգտագործելիության հավանականության աստիճանով է Ռուսաստանը պայմանավորելու իր քայլերը Արցախի եւ Հայաստանի դեմ թուրքական ագրեսիայի պայմաններում: Առավել եւս, որ հայաստանյան հասարակական-քաղաքական դաշտում փաստորեն նշմարվել են օջախներ, թե մեդիա, թե փորձագիտական, թե անգամ քաղաքական որոշ տիրույթներում, որ դրսեւորել են այդ խնդրի «զինվոր» լինելու պատրաստակամություն:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն