Բժիշկներն այս պահին զինվորներին են պետք. թող զինվորն ու թիկունքն առողջ մնան. Թորոսյան


Բժիշկներն այս պահին զինվորներին են պետք. թող զինվորն ու թիկունքն առողջ մնան. Թորոսյան

  • 15-10-2020 14:48:05   | Հայաստան  |  Հասարակություն

 
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքում տեսաուղերձով դիմելով քաղաքացիներին նշեց, որ շուրջ 20 օր է՝ գտնվում ենք պատերազմական դրության մեջ, և  հայության ողջ ուշադրությունը սևեռված է Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի հետևանքով  ստեղծված իրավիճակին, և այս համատեքստում այլ խնդիրները կարծես մղվում են հետին պլան:
 
«Պետք է ողջամիտ լինել և չթուլանալ: Օրհասական այս օրերին մենք  զբաղվում ենք մարտական գործողությունների հետևանքով  վիրավորում ստացած զինվորների և խաղաղ բնակիչների  տարհանմամբ և բուժմամբ: Նախարարության մի շարք ներկայացուցիչներ  մշտապես գտնվում են Արցախում: Այս ժամանակահատվածում  մի քանի անգամ անձամբ եմ այցելել Ստեփանակերտ՝ համակարգելու վիրավորների  բուժօգնության կազմակերպչական  հարցերը, ինչպես նաև  տեղում ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ: Մարտական գործողություններից տուժածների  բուժօգնության հարցերը, այդ թվում՝ հետագա վերականգնողական բուժումը մշտապես գտնվելու են իմ անմիջական  հսկողության տակ: Այս օրերին բոլոր վիրավորում ստացած զինծառայողներին, կամավորներին, խաղաղ բնակիչներին մաղթում եմ առողջություն և շուտափույթ ապաքինում:
 
Զուգահեռ այս իրականությանը ունենք կորոնավիրուսային հիվանդության ցուցանիշների կտրուկ աճ: Օրեցօր ավելացող հիվանդության դեպքերը փաստում են, որ այն ոչ մի կերպ չի նահանջել, այլ ավելին՝ ՀՀ ողջ տարածքում վերջին օրերին դիտվում է կորոնավիրուսային հիվանդության զգալի աճ՝ պատերազմի պայմաններում ավելացնելով առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը և, ցավոք, խլում կյանքեր»,- ասաց նախարարը: 
 
Թորոսյանը շեշտեց, որ այժմ ավելի քան կարևոր է չկորցնել զգոնությունը, անտարբերության չմատնել կորոնավիրուսով պայմանավորված  համաճարակային իրավիճակը: Նշեց, որ այս լարվածության մեջ անհրաժեշտ է խստիվ պահպանել հակահամաճարակային կանոնները, լինել ավելի զգոն՝ շարունակել կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորությունն ու ձեռքերի հիգիենան: 
 
«Բժիշկներն այս պահին զինվորներին են պետք: Թող զինվորն ու թիկունքն առողջ մնան»,- ասաց Թորոսյանը:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play