Մենք մի սնդուկ ավտոմատով երջանկացող ժողովուրդն ենք. ՀԱՂԹԱՆԱԿԸ, ՄԵՐՆ Է ԼԻՆԵԼՈՒ


Մենք մի սնդուկ ավտոմատով երջանկացող ժողովուրդն ենք. ՀԱՂԹԱՆԱԿԸ, ՄԵՐՆ Է ԼԻՆԵԼՈՒ

  • 16-10-2020 12:48:14   | Հայաստան  |  Քաղաքական

Ղարաբաղյան առաջին պատերազմի տարիներն էին. «Հայք» թերթում էի աշխատում:
Թերթի հիմնադիր գլխ.խմբագիր լուսահոգի Սամվել Գևորգյանի եղբայրը, որ ՊՆ-ում էր աշխատում, տեղեկանալով, որ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանից հարցազրույց եմ ուզում վերցնել, ասաց, որ հիմա կառավարական ամառանոցում են բոլորը. «Գնում եմ այնտեղ, արի քեզ էլ տանեմ»: Միացա նրան, և երբ ներս մտանք, ողջ ռազմաքաղաքական ղեկավարությունը, ՀՀՇ վարչության մի մասն այնտեղ էր: Սենյակը սիգարետի ծխի մեջ կորած էր: Քննարկումն արդեն ավարտվել էր:  Հարցազրույցի համար Վազգեն Սարգսյանի հետ պայմանավորվեցինք Գերագույն խորհրդում հանդիպել: 
Քիչ անց Վազգենն ինձ ասաց.  «Արի քեզ մի բան ցույց տամ»:  Մոտեցանք հյուրասենյակի ծայրին, ուր անկյունում մի մեծ երկար սնդուկ էր դրված:  Վազգենը հպարտությամբ բացեց սնդուկի դուռը՝ ներսը ծայրեծայր լի էր ավտոմատներով: Թիկունքից զգացի, որ բոլորը նայում են իմ ուղղությամբ. շրջվեցի, տեսա նրանց հպարտ դեմքերը, Վազգենի փայլող աչքերը  ու հասկացա, թե որքան  թանկ ու կարևոր  են այդ ավտոմատները և երևի դժվար են ձեռք բերվել: 
     Դրանք այն տարիներն էին, երբ հայկական բանակը մեծագույն դժվարությամբ էր կայանում: Երբ հաճախ մարդկանց փողոցից պատերազմ էին ուղարկում, հարուստներին ստիպում գումար տալ բանակի համար: Այս ամենը ժամանակի ընդդիմադիր մամուլը շատ էր քննադատում: Այն տարիներն էին, երբ հայերը մեծ թափով նաև արտագաղթում էին: 
    Բայց նույնիսկ այդ դժվար պատերազմում մենք հաղթեցինք, ազատագրեցինք  Ղարաբաղը և մեր պատմական տարածքները: 
    Մենք մի սնդուկ ավտոմատով երջանկացող այն ժողովուրդն ենք, որի դիմաց այժմ կանգնած են արյունարբու երկու պետություններ՝ մինչև ատամները զինված, ահաբեկիչ վարձկաններ ներգրաված և սպառնում են մեր պետությանն ու ժողովրդին: 
     Ես ատում եմ պատերազմներն ու մահերը, կսկծում եմ այսքան երիտասարդների ու մեծերի մահվան գույժից: Իմ սիրտը լուռ փլվում է: 
Բայց պատերազմը մենք չենք ընտրել: 
     1992-94թթ. պատերազմը նույնպես շատ ծանր ու արյունաքամող էր, բայց մենք ոչ թե պարզապես հաղթեցինք, այլ ազատագրեցինք Ղարաբաղը և մեր պատմական 7 շրջանները:
     Ծանր  ու մահաբեր է նաև այս պատերազմը:  Թշնամիները սպառնում են մեր Հայրենիքին՝ հողին ու ժողովրդին, ներկային ու ապագային:  
     Հայրենիքի ազատության համար զոհվածների թանկ արյունը և ողջերի խիզախությունը փակել են նահանջի, փոխզիջման, անհուսության բոլոր ճանապարհները:  
      Մենք հաղթել ենք 1992-94թթ. դժվար պատերազմում: Մեր թշնամիները հիմա սպառազինված են: Մենք զինված  ենք  հաղթելու ոգով և վճռականությամբ: Մեր այս զենքերն անխոցելի են:
ՍԱ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ Է: 
ՀԱՂԹԱՆԱԿԸ՝ ՎՃՌԱԿԱՆ, ԽԱՂԱՂԱԲԵՐ ՀԱՂԹԱՆԱԿԸ, ՄԵՐՆ Է ԼԻՆԵԼՈՒ: 
ՊԻ՛ՆԴ ՄՆԱՑԵՔ:
 
ՄԱԱ նախագահ
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play