Ահաբեկիչների նոր խումբ է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի. «ՌԻԱ-նովոստի»


Ահաբեկիչների նոր խումբ է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի. «ՌԻԱ-նովոստի»

  • 19-10-2020 13:08:29   | Արցախ (ԼՂՀ)  |  Ի՞նչ է գրում մամուլը

Սիրիայից ավելի քան հազար գրոհայիններ հոկտեմբերի 16-ին Թուրքիայի միջոցով ուղարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին «ՌԻԱ-նովոստի»-ին տեղեկացրել է աղբյուրը, որի տեղեկություններով՝ ևս հազար գրոհային պատրաստվում է Լեռնային Ղարաբաղ տեղափոխվելու իր հերթին:
 
«Նախորդ ուրբաթ ավելի քան հազար գրոհային ուղարկվել է կռվելու Լեռնային Ղարաբաղում, պատրաստվում է ևս մեկ խմբի տեղափոխում առաջիկա օրերին»,- ասել է գործակալության զրուցակիցը:
 
Ավելի վաղ Սիրիայի առաջնորդ Բաշար Ասադը «ՌԻԱ-նովոստի»-ին ասել էր, որ գրոհայինները Սիրիայից տեղափոխվում են, և Թուրքիան Սիրիայից ու այլ երկրներից ահաբեկիչներին օգտագործում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում:   
 
Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հաստատել է, որ տիրապետում է լուրջ փաստերի այդ մասին. ջիհադիստները կապեր ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: Վարձկանների ներգրավվածության մասին փաստերի է տիրապետում նաև Ռուսաստանը: Այդ մասին հայտարարել է նաև աղբյուրը ԱՄՆ Պաշտպանության նախարարությունից: Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը նշել է, որ Դամասկոսը կարող է հաստատել՝ Թուրքիան Սիրիայից Ղարաբաղ է ուղարկել ջիհադականների:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը