Լավրովը ԼՂ գոտում հրադադարի պահպանման վերահսկողական մեխանիզմների շուտափույթ համաձայնեցման հույս է հայտնել


Լավրովը ԼՂ գոտում հրադադարի պահպանման վերահսկողական մեխանիզմների շուտափույթ համաձայնեցման հույս է հայտնել

  • 19-10-2020 16:15:09   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հույս է հայտնել առաջիկա օրերին համաձայնեցված տեսնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողական մեխանիզմները: Այս մասին Լավրովը հայտարարել է հոկտեմբերի 19-ին Մոսկվայում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հետ համատեղ ասուլիսում:  
 
«Որպեսզի հրադադարն աշխատի, անհրաժեշտ է հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության մեխանիզմների ներդրումը: Մենք դրանում համոզվել ենք երկու փաստաթղթերի ընդունումից հետո, որոնք թույլ չտվեցին փոխել իրավիճակը գետնի վրա: Մենք այդ ուղղությամբ ակտիվ աշխատում ենք, առաջին հերթին մեր պաշտպանության նախարարությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ: Հույս ունեմ, որ ամենամոտ ժամանակահատվածում կհամաձայնեցվի նման մեխանիզմը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը:
 
Նրա համոզմամբ՝ ԼՂ հակամարտության գոտում ամենագլխավորը առճակատման հռետորաբանության անհապաղ դադարեցումն է, ինչպես կողմերի միջև, այնպես էլ պատասխանատու միջազգային խաղացողների մակարդակով: «Սա մեծ ջանքեր չի պահանջում»,-նկատել է Լավրովը՝ նշելով, որ հաջորդ անհրաժեշտ քայլը, որը պետք է կիրառել առճակատման հռետորաբանության դադարեցման հետ միաժամանակ ռազմական գործողությունների, քաղաքացիական օբյեկտներին հարվածների դադարեցումն է: «Սրանք այն պահանջներն են, որոնք ներառված են և Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների հայտարարության մեջ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, և Մոսկովյան փաստաթղթում, որը համաձայնեցրել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հոկտեմբերի 10-ին: Սա հաստատված է նաև փաստաթղթում, որը մենք համաձայնեցրել ենք հոկտեմբերի 18-ին՝ ձգտելով դադարեցնել արյունահեղությունը: Մոսկվայի հանդիպումից հետո, սակայն, մեր հույսերը չարդարացան, ռազմական գործողությունները շարունակվեցին, շարունակվեցին հարվածները քաղաքացիական ենթակառուցվածքներին, բնակավայրերին, դա անընդունելի է»,-ասել է Սերգեյ Լավրովը:
 
Նրա համոզմամբ՝ անհրաժեշտ է էականորեն արագացնել հակամարտության քաղաքական կարգավորման ջանքերը: Դրա մասին ևս խոսվում է Մոսկովյան հայտարարության մեջ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից կան մանրամասն մշակումներ, որոնք կողմերի հետ քննարկվել են: Դրանք պարունակում են պատասխաններ բոլոր հարցերին:
 
«Այսօրվա պատմական պահին պետք է կարողանալ կողմերին մղել համաձայնեցնելու առանցքային դրույթները, որոնք թույլ կտան ավելի երկարաժամկետ կտրվածքով կայունացնել իրավիճակը տարածաշրջանում, ապաարգելափակել տնտեսական, տրանսպորտային կապերը և ապահովել և Ղարաբաղի հուսալի անվտանգությունը, և տարածաշրջանի այլ տարածքների»,-ընդգծում է ՌԴ ԱԳ նախարարը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը