«Իրանը չի ընդունում ահաբեկիչների ոճով մարդկանց գլխատումը»․ Իրանի ԱԳՆ խոսնակը՝ ԼՂ հակամարտության գոտուց հրապարակված լուսանկարների մասին


«Իրանը չի ընդունում ահաբեկիչների ոճով մարդկանց գլխատումը»․ Իրանի ԱԳՆ խոսնակը՝ ԼՂ հակամարտության գոտուց հրապարակված լուսանկարների մասին

  • 20-10-2020 12:37:11   | Իրան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armlur.am Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Ղաթիբզադեն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց հրապարակված «անհանգստացնող» լուսանկարներին՝ հայտարարելով, որ Իրանը չի ընդունում մարդկանց ահաբեկիչների ոճով գլխատումը, ինչպես նաև քաղաքների և անմեղ բնակիչների ուղղությամբ հարվածները:
 
Ղաթիբզադեն նշել է, որ Իրանը չի հանդուրժի թաքֆիր-ահաբեկիչներին («Աթ Թաքֆիր վալ-Հիջրա» ծայրահեղական կազմակերպություն) բնորոշ չարագործություններ, մարդկանց գլխատում կամ հարձակումներ քաղաքների և անմեղ մարդկանց վրա, փոխանցում է IRNA գործակալությունը։
 
Ղաթիբզադեն հակամարտության երկու կողմերին «կոչ է արել պահպանել միջազգային կանոնները»։
 
Ավելի վաղ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը տեղեկացրել էր, որ Ադրբեջանի զինվորականները մի քանի օր առաջ հայ զինծառայող են գլխատել: Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի մի զինվորական զանգահարել է հայ զինծառայողի հարազատ եղբորը և տեղեկացրել, որ նրա եղբայրը գտնվում է իրենց մոտ, իրենք կտրել են եղբոր գլուխը, իսկ լուսանկարը տեղադրելու են համացանցում: Դրանից հետո՝ զանգից մի քանի ժամ անց սպանված զինծառայողի լուսանկարը եղբայրը հայտնաբերել է նրա սոցիալական ցանցի էջում: Համոզմունքն այն է, որ հենց ադրբեջանցի զինվորականներն էլ նկարը սոցիալական ցանցի էջում տեղադրել են սպանելուց հետո:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը