Ապրիլի 26-ին Թբիլիսիում կանցկացվի Հայ-վրացական Տեղեկատվական Տեխնոլոգիաների (ՏՏ) Բիզնես Ֆորում
19-04-2011 19:53:39 | Հայաստան | Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ) եւ Վրաստանի ՏՀՏ ասոցիացիան (ICT Business Council) առաջին անգամ համատեղ կազմակերպում են Հայ-Վրացական ՏՏ Բիզնես Ֆորում, որը տեղի կունենա ապրիլի 26-ին Թբիլիսիում` Վրաստանի Էկոնոմիկայի եւ Կայուն Զարգացման նախարարությունում:
Նախատեսվում է, որ մոտ 30 հոգուց կազմված հայկական պատվիրակություն կմեկնի Վրաստան ապրիլի 25-ին եւ կվերադառնա ապրիլի 27-ին: Հայկական պատվիրակության մեջ մասնակցելու հայտեր են արդեն ներկայացրել Armenian Software, CHS Vericel Service, Nork Information-Analytical Center, Norma Plus, Smart-Tech, E-works, Apaga Technologies, IDS Design and Technologies, Vanarmcomp, Westsoft, Essential Solutions, Altacode, SouthTech Consulting, Inc, EKENG, GITC, Compass, Firm Alpha ընկերությունները:
Ֆորումի նպատակն է խթանել իննովացիոն ոլորտում հայ-վրացական բիզնես կապերը, աջակցել հայկական ընկերությունների գործարար լուծումների եւ առաջարկությունների ներկայացմանը վրացական շուկայում, ներկայացնել վրացական ընկերություններին հայկական շուկայի հնարավորությունները:
Ֆորումի օրակարգում ներառված են հետեւյալ հարցերը` շահավետ համագործակցության հաստատում հայ-վրացական ընկերությունների միջեւ, հայկական եւ վրացական ընկերությունների տարածաշրջանային մրցունակության խնդիրներ, ՏՀՏ ոլորտի զարգացման նախաձեռնություններ, համատեղ բիզնես ֆորումներ անցկացնելու, միջոցառումներին մասնակցելու առաջարկներ, ինչպիսիք են` Հայաստանում ԻՏՁՄ կողմից կազմակերպվող Digitec Business Forum եւ Digitec Expo, իսկ Վրաստանում ICT Business Council կողմից կազմակերպվող Վրաստանի Իննովացիոն Միջոցառմանը (GITI): Կքննարկվեն նաեւ հայկական եւ վրացական ընկերություններում երիտասարդ մասնագետների պրակտիկայի անցկացման առաջարկները:
Ակնկալվում է, որ ֆորումին կմասնակցեն ներկայացուցիչներ վրացական ՏՏ ոլորտը կարգավորող պետական մարմիններից, մասնավոր ընկերություններից, ինչպես նաեւ ՏՀՏ լուծումները կիրառող (տուրիզմ, բանկային ոլորտ) ընկերություններից: