Արցախցի երեխաների մշակութային առօրյան Բյուրականի աստղադիտարանում


Արցախցի երեխաների մշակութային առօրյան Բյուրականի աստղադիտարանում

  • 22-10-2020 13:45:04   | Հայաստան  |  Հասարակություն

 
Արդեն 3 շաբաթից ավելի է, ինչ ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանն իր հյուրատանն է հյուրընկալել Արցախից եկած մեր հայրենակիցներին, հիմնականում՝ երեխաներ, ինչպես նաև նրանց խնամող մայրեր, տատիկներ և պապիկներ։ Տնօրինության նախաձեռնությամբ, ինչպես նաև աշխատակիցների և Բյուրականի համագյուղացիների ջանքերով արցախցիների համար ստեղծվել են հարմարավետության բոլոր պայմանները։
 
Մեր երեխաները բնականոն կերպով շարունակում են իրենց կրթությունը Բյուրական գյուղի դպրոցում։ Դրանից զատ աստղադիտարանը զբաղվում է վերջիններիս մշակութային և ժամանցային հարցերով, որպեսզի պատերազմական իրավիճակում նրանց առօրյան դարձնի շատ ավելի հետաքրքիր ու գունեղ։ Մշակութային ծրագրի շրջանակներում նրանց համար կազմակերպվում են տարբեր միջոցառումներ՝ հանրամատչելի դասախոսություններ աստղագետների, հրավիրյալ հյուրերի մասնակցությամբ, անգլերենի և, օգտագործելով աստղադիտարանի այգին՝ բուսաբանության դասընթացներ, գիտաճանաչողական էքսկուրսիաներ, այցելություններ տեսարժան և մշակութային տարբեր վայրեր և այլն։ Այս մասին հայտնում են Բյուրականի աստղադիտարանից:
 
Այս ընթացքում երեխաները հասցրել են այցելել Վ․ Համբարձումյանի տուն-թանգարան, ծանոթանալ աստղադիտարանի գործունեությանը, կատարել աստղադիտում, առցանց հանդիպում ունեցել հայ շախմատիստ գրոսմայստերների հետ, ինչպես նաև սկսել են բացահայտել Արագածոտնի մարզն ու Երևանը: Արցախցի երեխաները եղել են Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում, մասնակցել են Իսահակյան գրադարանի Ջ. Բայրոնի անվան արվեստի գրականության բաժնում կազմակերպված Հովհ․ Թումանյանի «Սասունցի Դավիթ» պոեմի, «Գելը» հեքիաթի ընթերցմանը։ Դպրոցական արձակուրդների ընթացքում, երկու շաբաթ շարունակ երեխաները հաճախելու են ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն՝ հատուկ նրանց համար կազմակերպված դասընթացների։ Շաբաթական մեկ անգամ երեխաներին է այցելում և պարապմունքներ անցկացնում Լուսինե Գրիգորյանի ղեկավարությամբ տեսաբլոգերների խումբը։
 
Ինչ վերաբերում է գալիք շաբաթներին, ապա ծրագիրն է՛լ ավելի հետաքրքիր է լինելու, քանի որ այցելելու են տարբեր թանգարաններ՝ Էրեբունի թանգարան, Մ․ Սարյանի տուն-թանգարան, դիտելու են թատերական ներկայացումներ և բացահայտելու են շատ ու շատ այլ հետաքրքիր և ուսուցողական վայրեր։ 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն