Քննարկվում է նախադպրոցական կրթության այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելների ներդրման կարգը

23-10-2020 13:57:34   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախադպրոցական կրթության այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելների և դրանց ներդրման կարգի նախագիծը։ 
 
Մոդելների ներդրման հիմնական նպատակներն են՝ hանրապետության այն բնակավայրերում, որտեղ չկան նախադպրոցական ծառայություններ, ձևավորել այլընտրանքային նախադպրոցական կրթության ծառայություններ, որոնք  հնարավորություն կընձեռեն մեծացնել երեխաների ընդգրկվածությունը նախադպրոցական ոլորտում և հատկապես սոցիալապես անապահով ընտանիքների համար ապահովել մատչելիություն:
 
Մոդելներից որևէ մեկի ներդրման արդյունքում արդյունավետ մեխանիզմներ կիրառել նախադպրոցական կրթական ծառայությունների կառավարման համակարգում:
 
Այլընտրանքային նախադպրոցական կրթությունը կազմակերպելով համայնքահեն եղանակով՝ նախադպրոցական հաստատություն չունեցող բնակավայրերում այն դարձնել ցածր արժողությամբ նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնող կառույց:
Առաջարկվում է նախադպրոցական կրթական ծառայության մատուցման մի քանի տարբերակ․
 
Տարբերակ 1՝ ծառայությունները կարճօրյա են՝ 3.5-4 ժամ տևողությամբ, առանց ցերեկային քնի ապահովման: Խմբում երեխաների առավելագույն քանակը` 30։ Նպատակահարմար է կիրառել, եթե բնակավայրում առկա է գործող համայնքային հաստատություն (համայնքապետարան, մշակույթի կենտրոն)։
 
Տարբերակ 2 /8 ժամ/ կիրառելի է, եթե երեխաների թիվը փոքր է՝ 15-20 երեխա, և համայնքն ունի միջոցներ՝ ամբողջ օրով նախադպրոցական կրթություն տրամադրելու համար։
 
Տարբերակ 3 /4-4.5 ժամ/՝ կիրառելի է, եթե համայնքում  երեխաների  թիվը մինչև 15 է, և համայնքը չունի մյուս մոդելներն իրականացնելու հնարավորություն։ Նպատակահարմար   է   կիրառել,   եթե   բնակավայրում առկա է համապատասխան պայմաններ ունեցող տուն։ Համայնքը կարող է համակարգել մինչև 3 տան պայմաններում մատուցվող ծառայությունը։
 
Տարբերակ 4 /8 ժամ/՝ կիրառելի է, եթե նախադպրոցական կրթական ծառայության կազմակերպման համար համայնքն ունի միջոցներ, սակայն չունի շենքային պայմաններ։ Նպատակահարմար   է   կիրառել,   եթե   համայնքում   առկա է մինչև 15 երեխա ընդունելու համար նախատեսված տուն։
 
Տարբերակ 5՝ կիրառելի է բացառապես խոշորացված բազմաբնակավայր համայնքներում՝ տվյալ համայնքում արդեն գործող նախադպրոցական ուսումնական հաստատության մասնաճյուղ ստեղծելու կամ իրավաբանական անձի վերակազմակերպում իրականացնելու միջոցով՝ փոփոխություն կատարելով գործող նախադպրոցական ուսումնական հաստատության կանոնադրության մեջ:
 
Տարբերակ 6՝ դպրոցներում 1-ամյա նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացում 5-6 տարեկանների համար: Այս դեպքում դպրոցի դասասենյակներից մեկը կվերածվի նախադպրոցական խաղասենյակ-դասարանի: 
 
Տարբերակ 7՝ դպրոցներում երեքամսյա նախապատրաստական նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացում՝ 5-ից 6 տարեկան երեխաների համար:
 
Տարբերակ 8 (մոբայլ)՝ նպատակահարմար է, եթե համայնքի երեխաների թիվը մինչև 15 է, և նախադպրոցական կրթությունը կազմակերպելու համար կա մասնագետների խնդիր։ Ենթադրում է մասնագիտական թիմի կողմից 1 օրվա ընթացքում առնվազն 2-3 համայնքում նախադպրոցական ծառայությունների մատուցում։
 
Մոդելների ներդրումն իրականացվելու է բացառապես այն բնակավայրերում, որտեղ նախադպրոցական կրթության որևէ ծառայություն չի գործում: Այն  տեղի կունենա հետևյալ փուլերով՝ համայնքների հայտերի ներկայացում, դրանց գնահատում, բնակավայրերի ընտրություն ու համապատասխան մոդելի հաստատում, դրամաշնորհի հատկացում և հաշվետվությունների ընդունում:
 
Հայտի ընտրության ժամանակ առաջնահերթությունը կտրվի այն բնակավայրերին, որոնք կներկայացնեն մոդելի գործունեության շարունակականության ապահովման հնարավորություններն ու երաշխիքները: Առաջնահերթություն կտրվի նաև Կառավարության կողմից հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների, սոցիալ-տնտեսական ցածր մակարդակ ունեցող, ինչպես նաև  հիմնականում  ազգային փոքրամասնություններով բնակեցված բնակավայրերին։
 
Նախարարությունը ֆինանսական միջոցները կհատկացնի
դրամաշնորհի միջոցով, որոնք նախատեսված են նախադպրոցական կրթական ծառայության մատուցման համար նախատեսվող շինության բարեկարգման, գույքով և սարքավորումներով համալրման աշխատանքների իրականացման և երեխաների հետ աշխատող մայրերի (կամ համայնքի այն ներկայացուցիչների, ովքեր աշխատելու են որպես դաստիարակներ) համար մասնագիտական վերապատրաստումներ կազմակերպելու համար:
 
Այսպիսով, այլընտրանքային մոդելների ներդրմամբ տեղական ինքնակառավարման մարմիններին հնարավորություն կընձեռնվի՝ այլընտրանքային եղանակներով նախադպրոցական կրթությունը հասանելի դարձնել այդ տարիքի բոլոր երեխաներին:
ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է ներդնել ծախսարդյունավետ մոդելները՝  ուսումնասիրելով Հայաստանում արդեն իսկ եղած փորձը, ինչպես օրինակ՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի, «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացչության  և «Աստղացոլք» ՀԿ-ի գործունեությունն այդ ուղղությամբ։
 
համար։   Տարբերակ
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 109 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար