Թուրքիան անցել է կարմիր գիծը եւ կանգ կառնի այն ժամանակ, երբ Մոսկվան ցույց տա կարմիր գիծն անցնելու իր կարողությունը՝ ուղիղ, իր դեմքով

23-10-2020 15:03:14   | Հայաստան  |  Վերլուծություն



Ռուսաստանը չի դիտարկում Արցախում դեսանտային գործողություն, հայտարարել է ՌԴ պետդումայի պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Անդրեյ Կրասովը: Այդ մասին խոսակցությունը ծագել էր ռուսական տեղեկատվական դաշտում Պետդումայի պատգամավոր Զատուլինի հայտարարությունների տարածման առիթով: Զատուլինը, ըստ ռուսական լրատվության, խոսել է այդ մասին, թեեւ նշել, որ ամբողջական պատկերացում չունի, թե առկա վիճակում ինչ պետք է անի, ինչպես պետք է վարվի Ռուսաստանը:
 
Ռուսաստանն անշուշտ բարդ վիճակում է: Մոսկվան հիանալի հասկանում է, որ Թուրքիան անցել է կարմիր գիծն ու նետել ահռելի մարտահրավեր: Բայց Մոսկվան չունի այն լիարժեք ընդունելու հնարավորություն, որովհետեւ ի տարբերություն Թուրքիայի՝ որը բացահայտ թշնամական է Հայաստանի հանդեպ, Մոսկվան չի ուզում բացահայտ թշնամանքով դիրքավորվել Ադրբեջանի հանդեպ եւ ընդմիշտ կորցնել Բաքվի հետ աշխատելու, ըստ այդմ որոշակիորեն քաղաքական ազդեցություն
ունենալու հեռանկարը:
 
Անկարան փորձում է առավելագույնս օգտվել այդ հանգաանքից, Ռուսաստանի հարավային սահմանի ներքո փաստացի կազմակերպելով միջազգային ահաբեկության ճամբար:
 
Մյուս կողմից, արդյոք Բաքվի հետ չթշնամանալու մոսկովյան քաղաքականությունը թողնում է որեւէ բան ակնկալելու շանս: Բաքվին սիրաշահելու տարիների քաղաքականությունը փաստացի տապալված է: Բաքվում արդեն Անկարան է իր ահաբեկիչներով: Ունի՞ Մոսկվան երաշխիք, որ չի տապալվելու Բաքվի հետ չթշնամանալու քաղաքականությունը, երբ Անկարան արդեն կհաստատվի ոչ միայն Բաքվում, այլ նաեւ առնվազն Հյուսիսային Կովկասում:
 
Ռուս ռազմական փորձագետները ուշադրության տակ են պահում ահաբեկիչների հարցը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան: Նրա խոսքով, ամեն ինչ չէ, որ արվում է հրապարակային: Տրամաբանական է, որ բոլոր քայլերը չէ, որ կլինեն տեսանելի: Սակայն, այդուհանդերձ, ի՞նչ քայլեր են արվում, որոնք կարող են Մոսկվայի համար էֆեկտիվ լուծել այդ հարցը՝ Թուրքիայի, ոչ թե ահաբեկիչների հարցը, որովհետեւ ահաբեկիչներն ընդամենը Թուրքիայի գործիքն են, ինչպես օրինակ Ալիեւը:
 
Մոսկվան իհարկե կարող է դիտարկել ահաբեկիչներին եւ Ալիեւին «հակադրելու» տարբերակը: Մասնավորապես, հակաահաբեկչական գործողություններ Ադրբեջանի տարածքում՝ ներկայացնելով դրանց հիմնավորումը: Անտեսանելի կարող է լինել հենց հիմքերի ու ապացույցների ձեռքբերումը եւ մշակումը: Հետո կարող է հաջորդել տեսանելի հարվածը, սակայն ոչ թե Արցախում դեսանտային գործողության ձեւով, այլ Կասպիցի ավազանում արձակված թեւավոր հրթիռի, որն Ափշերոնի վրայով կհասցնի ավելի հեռու տեղակայված ահաբկիչներին: Այլապես, էլ ինչի՞ համար էր Մոսկվան օրերս զորավարժության
դուրս բերել Կասպիական նավատորմը, ակնարկելով, որ զորավարժությունն իրականացվում է Ափշերոնից փոքր ինչ հյուսիս:
 
Ինչի՞ համար է անհրաժեշտ, որ հարվածը ահաբեկիչներին հասցվի հենց Ռուսաստանի տարածքից: Որպեսզի Անկարան զրկվի մանեւրի հնարավորությունից եւ կանգնի փաստի առաջ: Եթե Մոսկվան ունակ չէ անել դա, ապա իրեն են կանգնեցնելու նորանոր փաստերի առաջ: Թուրքիան անցել է կարմիր գիծը եւ կանգ կառնի այն ժամանակ, երբ Մոսկվան ցույց տա կարմիր գիծն անցնելու իր կարողությունը՝ ուղիղ, իր դեմքով:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 531 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար