ԱԳ նախարարն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին վստահեցրել է՝ ադրբեջանական ագրեսիան ուղղված է Արցախի բնիկ ժողովրդի բնաջնջմանը


ԱԳ նախարարն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին վստահեցրել է՝ ադրբեջանական ագրեսիան ուղղված է Արցախի բնիկ ժողովրդի բնաջնջմանը

  • 23-10-2020 16:33:38   | ԱՄՆ  |  Քաղաքական

 
Հոկտեմբերի 22-ին մեկնարկել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի աշխատանքային այցը Միացյալ Նահանգներ։ Նույն օրը տեղի է ունեցել ԱԳ նախարարի և ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հանդիպումը։
 
Նախարար Մնացականյանը նշել է, որ այցը տեղի է ունենում Հայաստանի և տարածաշրջանի համար բարդ ժամանակահատվածում։ Ադրբեջանը սանձազերծել է լայնածավալ պատերազմ Արցախի դեմ, որն ուղեկցվում է Արցախի խաղաղ բնակչության և ենթակառուցվածքների` իրենց ծավալով և էությամբ պատերազմական հանցագործություններ հանդիսացող դիտավորյալ թիրախավորմամբ և միտված է Արցախի բնիկ ժողովրդի բնաջնջմանը։
 
Զոհրաբ Մնացականյանն առանձնահատուկ ընդգծել է ադրբեջանական ագրեսիայում Թուրքիայի ուղղակի ներգրավվածության հանգամանքը, որն արտահայտվում է թե՛ անմիջական ռազմական մասնակցությամբ և թե՛ Մերձավոր Արևելքից Ադրբեջան օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղափոխմամբ և լուրջ սպառնալիք է տարածաշրջանային անվտանգության և խաղաղության համար։
 
Երկուստեք ընդգծվել է ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունների անհապաղ կյանքի կոչման անհրաժեշտությունը: Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ այս հարցում ցուցաբերած միասնականությունը: ԱԳ նախարարը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը հոկտեմբերի 10-ի և 17-ի համաձայնություններին և վերիֆիկացիոն մեխանիզմներով պահպանվող կայուն հրադադարի հաստատմանը։
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play