Ինչ հույսեր ունի Պուտինն ԱՄՆ-ից Ղարաբաղում


Ինչ հույսեր ունի Պուտինն ԱՄՆ-ից Ղարաբաղում

  • 23-10-2020 16:46:54   | Հայաստան  |  Վերլուծություն

ՌԴ նախագահ Պուտինը նախօրեին Վալդայ ակումբում ելույթում անդրադառնալով արցախյան իրավիճակին, խոսել էր նաեւ հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ Մայք Պոմպեոյի սպասվող հանդիպումների մասին, ասելով, թե ակնկալում է, որ ԱՄՆ-ն կօգնի կարգավորմանը:
 
Իր հայտարարություններում Պուտինն ասել էր բաներ, այդ թվում նաեւ Էրդողանի հետ հարաբերության մասին, որոնք պարզապես խոստովանություն էին, որ Ռուսաստանն ի վիճակի չէ զսպել Էրդողանի ագրեսիվ հավակնությունը եւ ստիպված է գնալ նրա հետ պայմանավորվելու ճանապարհով:
 
Այդ համատեքստում, ԱՄՆ օգնության ակնկալիքը արժանի է ուշադրության եւ թերեւս նրա ամենակարեւոր հայտարարությունն էր հակամարտության մասին նրա ասածների համատեքստում: Պուտինը հայտարարել է, որ Էրդողանը վարում է անկախ քաղաքականություն, ասում է եւ անում: Դա հնչել է որպես հաճոյախոսություն նրա հասցեին, միեւնույն ժամանակ՝ ակնարկ, որ Էրդողանին «բաց են թողել», այդ թվում Ռուսաստանի վրա, ու, եթե իրենց ուժը չի պատում կապել նրան, ապա մնում է կապվել նրա հետ:
 
Մյուս կողմից, ԱՄՆ-ում ինչու՞ պետք է «կապած» պահեն Էրդողանին, եթե վերջին տարիներին Արեւմուտքի հետ հարաբերության առումով իրեն փաստացի «թոկից փախածի» պես պահում է Պուտինը:
 
Եթե Պուտինն ակնկալում է, որ ԱՄՆ-ն կօգնի, ապա ի՞նչ է դրա համար պատրաստ անել Ռուսաստանը: ՌԴ նախագահն անշուշտ իրավացի է, որ Ռուսաստանը իրավիճակի կարգավորման ամենից շահագրգռվածն է: Թեեւ դա ձեւակերպվում է Հայաստանի ու Ադրբեջանի հետ հավասար բարեկամությամբ, բայց Պուտինն անշուշտ նկատի ունի ՌԴ համար Կովկասի կենսականությունը:
 
Ստացվում է, որ նա ակնկալում է ԱՄՆ աջակցությունը: Վաշինգտոնն իր հերթին կունենա դրա դիմաց իր ակնկալիքը, իսկ լայն իմաստով դա գուցե այն է, որ Ռուսաստանն ինքը պետք է դադարի խոսել ուժի ցուցադրությամբ: Բայց կարո՞ղ է արդյոք Պուտինը չխոսել այդպես: Այլ կերպ խոսելը նրան արդեն չի տալիս ոչինչ, իշխանությունից բացի: Բայց ակնհայտ է, որ Ռուսաստանի համար ներկայում այլեւս պետականության, ոչ թե Պուտինի իշխանության հարցն է: Էրդողանի հետ պայմանավորվածությունները գուցե բթացնում են ցավը, բայց ցրում են պետականության այդ հարցը:
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն