Ադրբեջանական կողմը հրադադարի մասին պայմանավորվածությունը կոպտորեն խախտեց նաև երրորդ անգամ. Վահրամ Պողոսյան
26-10-2020 09:40:55 | Արցախ (ԼՂՀ) | Ի՞նչ է գրում մամուլը
Ադրբեջանական կողմը հումանիտար հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունը կոպտորեն խախտեց նաև երրորդ անգամ:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ հավելելով, որ ողջ քաղաքակիրթ մարդկության նկատմամբ Ալիևի վարչակարգի ցուցաբերած այս բացահայտ լկտի պահվածքի վերաբերյալ համապատասխան հետևություններ դեռ կարվեն, բայց այսօր մեր բոլորիս խնդիրն է պաշտպանել Հայրենիքը թուրք-ոսոխից:
«Մեզ համար այլընտրանք չեն թողել, իսկ այդ միակ ճանապարհը, մեզ պետք է ուղեկցի միայն դեպի հաղթանակ»,-եզրափակել է նա:
Հիշեցնենք, կոպտորեն խախտելով ԱՄՆ-ում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, ադրբեջանական կողմը ժամը 8:45-ի սահմաններում հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ:
Երկրորդ անգամ հրադադարի ռեժիմը խախտվեց ժամը 09:10-ի սահմաններում: Հակառակորդը թիրախավորել էր հարավարևելյան ուղղությամբ դիրքերը` արձակելով հինգ հրետանային արկ:
Հիշեցնենք նաեւ, որ ըստ Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնության, երեկ հայտնի դարձավ, որ Երևանի եւ Բաքվի միջև հրադադարի ռեժիմն ուժի մեջ էր մտնելու հոկտեմբերի 26-ին՝ ժամը 08:00-ից։ Այս մասին ասված էր ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարության մեջ։