ԱՄՆ-ն կճանաչի՞ Արցախը. Թրամփի ակնարկը

26-10-2020 10:40:37   |   |  Վերլուծություն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հեշտությամբ կհասնի ղարաբաղյան հակամարտության կարգավորման։ «Մենք ամեն ինչ կարգի կբերենք։ Դա պետք է տեղի ունենա, ինչպես ասում եմ, հեշտությամբ։ Դա հեշտ կլինի, եթե գիտես, թե ինչ ես անում», ասել է Թրամփը։  Թրամփը հիշատակել է իր հաջողությունները հակամարտությունների կարգավորման հարցում, մասնավորապես Մերձավոր Արեւելքում՝ Իսրայել-արաբական երկրներ համաձայնություն, եւ Բալկաններում՝ Սերբիա-Կոսովո համաձայնագրի կնքումը Սպիտակ տանը: Այս կապակցությամբ նա ասել է, թե «Մենք դա արել են Կոսովոյի հետ. դուք կարո՞ղ եք ինձ հավատալ»։
 


Նրա հայտարարություններից մի քանի ժամ անց հայտարարվեց, որ Հայաստանը եւ Ադրբեջանը համաձայնվել են կրակի դադարեցմանը:
 
Թրամփի ակնարկը Կոսովոյի ու Սերբիայի վերաբերյալ կարո՞ղ է նշանակել, որ ԱՄՆ-ն դիտարկում է Արցախի ճանաչումը
Կոսովոյի տարբերակով։ Պետք է նշել, որ այս տարբերակը ԱՄՆ քաղաքական շրջանակներում քննարկվում է վաղուց, նույնիսկ մեկ անգամ ԱՄՆ-ն մոտ էր ճանաչման։
 
Երբ Թրամփն ասում է, որ Ղարաբաղի խնդրի լուծումը հեշտ կլինի, իսկապես, անկախության ճանաչումը «ամենահեշտ» տարբերակն է, այն առումով, որ կարգավորման բոլոր տարբերակները մինչ այժմ ոչ թե լուծման էին տանում, այլ նորանոր լարվվածությունների ու պատերազմների։
 
Թրամփն «ուշացումով» արձագանքեց Ղարաբաղյան պատերազմին, ասելով, թե կփորձեն մի բան անել, բայց չգիտեն՝ կստացվի, թե ոչ կանգնեցնել պատերազմը։ Նրանից հետո սկսեց
խոսել ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոն, ով հույս հայտնեց, որ հայերը կդիմանան ադրբեջանցիների գործողություններին։ Հրադադարի հաստատման ռուսական ու ֆրանսիական փորձերից հետո ԱՄՆ-ում մի քանի օր բանակցեցին Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները, որոնք կշարունակեն բանակցությունը Ժնեւում, Մինսկի խմբի համանախագահների ներկայությամբ:
 
ԱՄՆ-ում եւ Եվրոպայում պատերազմին զուգահեռ գեներացվում էր Արցախի անկախության ճանաչման հարցը: ԱՄՆ եւ Ֆրանսիայի խորհրդարաններում արդեն իսկ բանաձեւ է ներկայացվել ճանաչման հարցով: Տարբեր մակարդակներում արդեն իսկ կայացվել են ճանաչման ակտեր, այդ գաղափարը հասել է մի քանի երկրների խորհրդարաններ:
 
Կճանաչի՞ ԱՄՆ-ն Արցախը: Մի կողմից, Թրամփի հայտարարությունները կարող են մեկնաբանվել նախընտրական պայքարի տրամաբանությամբ, մյուս կողմից՝ խաղաղարար գործունեությունը Թրամփի կարեւոր հաղթաթուղթն է նույն այդ պայքարում: Զուր չէ, որ նա հայտարարել է, որ իրեն ներկայացրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի: Իր հերթին, չի բացառվում, որ այդ ակնարկներով Բաքվին պարզապես ստիպել են համաձայնել հրադադարին:
 
Թրամփը հակամարտությունների կարգավորման հարցում հռչակել է իրողությունները ճանաչելու սկզբունքը, միջազգային նորմերի չոր պահանջների փոխարեն կամ որպես լրացում, ինչը «հեշտացնում» է հակամարտությունների կարգավորումը:
 
Ինչպե՞ս կարձագանքեն Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրները: Ֆրանսիան ըստ էության նույնպես դնում է Արցախի անկախության հարցը, Ռուսաստանի պաշտոնական շրջանակներում, մասնավորապես Դումայում այդ մասին ընդհանրապես չի խոսվում: Մյուս կողմից, Արցախի անկախության ճանաչումը Ռուսաստանի համար բավական երկիմաստ իրավիճակ է ստեղծում. մի կողմից, այն մանեւրի հնարավորություն է Մոսկվայի համար՝ Բաքվի ու Անկարայի հետ հարաբերություններում, մյուս կողմից՝ լրացուցիչ բարդություններ Հարավային Կովկասում իր քաղաքականության համար, եթե Ռուսաստանը մնում է նախկին սխեմաների տրամաբանության մեջ:
 
Ի՞նչ տրամաբանությամբ կզարգանա հակամարտության կարգավորումը, կպահպանվի՞ արդյոք հրադադարը եւ ի՞նչ պայմաններով: Ավելորդ չէ եւս մեկ անգամ նշել, որ ամեն ինչ կախված է մեր հանրության ամրությունից, վճռականությունից ու միակամությունից:
 
 
 
Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 222 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար