Արցախում ապրող՝ Ադրբեջանից տեղահանված հայերի ԿՈՉԸ ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին, ԵՄ-ին, Եվրախորհրդարանին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին


Արցախում ապրող՝ Ադրբեջանից տեղահանված հայերի ԿՈՉԸ ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին, ԵՄ-ին, Եվրախորհրդարանին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին

  • 26-10-2020 14:21:21   |   |  Մամլո հաղորդագրություն

 
 
Մենք՝ Ադրբեջանից տեղահանվածներս, նախկինում Բաքվի, Սումգայիթի, Մինգեչաուրի, Կիրովաբադի և այլ բնակավայրերի բնակիչներս, դիմում ենք միջազգային բոլոր կառույցներին, որոնք իրենց մանդատով կոչված են աջակցելու երկրների և ժողովուրդների խաղաղ և անվտանգ գոյակցությանը՝ պահանջելով պատշաճ գնահատական տալ և անհապաղ կանգնեցնել Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների աջակցությամբ Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի նկատմամբ իրականացվող ցեղասպանության փորձը։
 
Մենք կենդանի վկաներն ենք հայերի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ցեղասպան գործողությունների՝ սկսած Սումգայիթից՝ 1988 թվականին, և վերջացրած Բաքվում 1990 թվականի հունվարին հայ բնակչության ջարդերով ու սպանություններով։ Հարյուրավոր մարդիկ, այդ թվում երեխաներ, գազանաբար սպանվել են, բռնաբարվել, հազարավորները ենթարկվել են դաժան կտտանքների և նվաստացումների, միայն այն պատճառով, որ հայ են։ Մենք կորցրել ենք մեր տներն ու ունեցվածքը, դարձել վտարյալներ՝ այն հողի վրա, որը շենացրել են մեր նախնիները՝ մասնակցելով ադրբեջանական քաղաքների կառուցմանն ու արդյունաբերության զարգացմանը, իրենց ներդրումն ունենալով Ադրբեջանի մշակութային պատմության մեջ։
 
Մենք ապաստան գտանք Արցախում, սակայն 1991 թվականին Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սանձազերծեց՝ նպատակ ունենալով արյան մեջ խեղդել Ղարաբաղի հայերի ազատագրական շարժումը, և մեր հայրերը, եղբայրներն ու որդիները ոտքի ելան՝ հանուն Հայրենիքի պաշտպանության։ Նրանցից շատերը զոհվեցին այդ պատերազմում, շատերը հաշմանդամ դարձան, բայց մենք կարողացանք ամոքել վերքերը՝ միահամուռ ուժերով փլատակներից բարձրացնելով բզկտված ու կիսավեր Արցախը։
Այսօր մենք կրկին փախստականներ ենք, այսօր մենք կրկին կորցրել ենք անասելի ջանքերի գնով ձեռք բերած մեր տները, այսօր կրկին մեր հայրերը, եղբայրներն ու որդիները պայքարում են հանուն սեփական հողի վրա հայերի ապրելու իրավունքի։ Ամեն օր զոհվում են մեր որդիները, ամեն օր ավերակների է վերածվում ծաղկուն Արցախը։
 
Թուրք-ադրբեջանական դաշինքը փորձում է ավարտին հասցնել արդեն ավելի քան 100 տարի շարունակվող Հայերի ցեղասպանությունը։
 
Մենք պահանջում ենք դադարեցնել ամբողջ տարածաշրջանի ապակայունացմանը սպառնացող այս պատերազմը։ Մենք պահանջում ենք պատասխանատվության ենթարկել հայ ժողովրդի հերթական ցեղասպանությունը կազմակերպողներին։
 
Արցախի փախստականների միություն․
Ռուզաննա Ավագյան
Նոնա Թովմասյան
Նաիրա Միրզոյան
Աննա-Մարիա Աղաջանյան
Ալլա Գաբրիելյան
Էլլադա Վանեսյան
Անժելա Վանեսյան
Գայանե Գևորգյան
Նինա Պողոսյան
Բելա Գրիգորյան
Ելենա Պողոսյան
Անաիդա Իսխանյան
Ռուզաննա Արզումանյան
Լիանա Լազարյան (Հակոբջանյան)
Էլինա Սարգսյան
Ստելլա Մարտիրոսյան
Գայանե Աղայան
Մարինա Ավանեսյան
Էրիկ Ասանտե
Նունե Սարգսյան
Վիկտորյա Հարությունյան
Ռենա Ավագյան
Սվետլանա Լազարյան
Էմմա Լազարյան (Գյուլնազարովա)
Էդուարդ Լազարյան

 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play